Տեղահանությունը՝ ճամպրուկներում

2023 թվականի սեպտեմբերին հազարավոր մարդիկ Արցախից բռնի տեղահանվելով, ապաստան գտան Հայաստանում, նաև Սյունքիում։ Նրանցից շատերն իրենց ամբողջ կյանքը ստիպված էին ընդամենը մի ճամպրուկում տեղավորել։

Այդ ճամպրուկներում կենսական իրերից բացի յոթ հերոսները վերցրել են ամենահարազատը: Իրեր, որոնք կապվում են ինքնության հետ:
Ժաննա Հարությունյան,36 տարեկան
Ստեփանակերտից
---------------------------
-Ամուսնուս խորհրդով մեզ հետ վերցրինք նաև ժինգյալով հացի «պլիտան»։ Մտածեցինք, որ եթե ստացվի կթխենք, վաճառենք, եթե չէ՝ մեզ համար կօգտագործենք։ Հիմա այն դարձել է մեր տան եկամուտի աղբյուրը․ օր չկա, որ ժինգյավով հաց ուզող չլինի։ Ես պատրաստում եմ ՝ ամուսինս առաքում ա։

Ղարաբաղյան ժինգյալով հաց
-Էս «պլիտայի» առավելությունն էն ա, որ հացը համաչափ ա թխվում, ու դա ամենակարևորն ա։ Ղարաբաղյան ժինգյալավ հացը սիրվել ա գորիսեցիների կողմից։ Էս գործն անելով, հա'մ կարողանում ենք ընտանիքի հոգսը քաշել, հա'մ էլ մի քիչ կապված զգալ Արցախին։ Երբեմն ինձ թվում ՝ իմ տանն եմ՝ Արցախում։
Ստեփան Բաղդասարյան,65 տարեկան
Մարտակերտից
------------------------
-Ստեփանակերտից էս մի պայուսակով եմ հեռացել․ մի քանի կտոր հագուստ եմ վերցրել ու սիրած աղջկաս նկարը, որն արդեն արդեն 48 տարի է, խնամքով պահում եմ։
Նկարը Անժելայի մակագրությամբ է, ում ֆիզիկապես փախցրին Ստեփանից, բայց ոչ հոգուց։
Ստեփանի՝ սիրած աղջկա մակագրությամբ նկարը
Հիմա Ստեփանը Գորիսում է ապրում։ Միայնակ տարեցին տեղացիներն են աջակցում։
-Էս աշխարհում ես ունեմ միայն էս նկարն ու Մարտակերտից հիշողություններ․․․
Անգելինա Ղազարյան, 13 տարեկան
Ստեփանակերտից
--------------------------
-Ստեփանակերտից դուրս գալուց առաջինն իմ պայուսակն եմ վերցրել, որտեղ ձեռքի աշխատանքներս էին։ Ստանոկս/ հաստոցը-հեղ․/ էլ մնաց մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կիսատ գործած կարպետի հետ։
Անգելինան արդեն 4 տարի է զբաղվում է կարպետագործությամբ․ պատրաստի աշխատանքները կարողացել է իր հետ վերցնել։ հասցրել է մի շարք աշխատանքներ ստեղծել ու բարեբախտաբար վերցնել նաև իր հետ։ Արցախից բերված իրերը խնամքով, հոգատարությամբ պահվում են աղջնակի պայուսակում․ պայուսակն էլ միշտ իր մահճակալի կողքին տեղ ունի՝ իր աչքի առաջ։ Մտադրություն ունի իր աշխատանքներից վաճառելու, բայց ոչ Արցախից բերվածը․ դրանք անգին են։ Արցախի շունչը Անգելինան փորձում է պահել իր աշխատանքներում՝ առավել շատ օգտագործելով կարմիր, կապույտ և ծիրանագույն գույները։
Լիանա Պետրոսյան,36 տարեկան
Ստեփանակերտից
--------------------
-Բացի Անգելինայի պայուսակը փրկելուց, հասցրել եմ վերցնել նաև մեր նկարները, բայց մի քանիսը մնացին պատից կախած․․․չհասցրի։ Ստեփանակերտից դուրս ենք եկել երկու պայուսակով․ մի քանի անգամ տոպրակները քանդել-հավաքել եմ, որ ամենակարևորները վերցնեմ։ Արդյունքում ստացվեց ամենքիս մի ձեռք շոր ու նկարների տոպրակը հավաքեցի։
/Անգելինան Լիանայի հինգ երեխաներից մեկն է- հեղ․/

-Տան բանալիները թողել ենք մուտքի դռան դիմաց փռած շորի տակ ու դուրս եկել։ Ոչ միայն մենք, այլև մեր շենքի բոլոր բնակիչները։ Որ թուրքը մտավ տուն, էլ բանալին ի՞նչներիս ա պետք․․․30 հոգով՝ մի քանի ընտանիքով, մեկ մեքենայով, չորս օրում հասել ենք Գորիս։


Լիանան Արցախում հրուշակագործությամբ էր զբաղվում, տորթեր էր պատրաստում․ հիմա միտք ունի նորից վերսկսել աշխատանքը։ Ինքը ոչ մի անհրաժեշտ սարքավորում չի կարողացել վերցնել իր հետ, բայց տարբեր կազմակերպություններ աջակցել են, ապահովել ինչ անհրաժեշտ է։
Գայանե Առուշանյան,53 տարեկան
Մարտակերտից
-----------------------
-Հիմա ինձ համար ամենաթանկ իրը դարձել է հեռախոսը, որ «սաղ» օրը քրքրում եմ։ Նախորդ հեռախոսս էլ փչացել ա․ խնդրել եմ շուտ սարքեն, քանի որ էնտեղ էլ շատ «վիդեոներ» կան։ էրկու փաստաթղթից բացի էս միակ իրն ա, որ հետս վերցրել եմ։
-Մեկ-մեկ ասում էին ինչի ես ամեն ծառ ու թուփ նկարում․․․․երևի կանխազգում էի, որ դրանք ինձ պետք են։
Գորիսը նման ա Արցախին, դրա համար ստեղից չեմ ուզում ոչ մի տեղ գնալ։
Տիկին Գայանեն նյութական շատ բան է կորցրել, բայց ավելի խառնված է ներաշխարհը, որը փորձում է թաքցնել կարմիր շրթներկով ու ժպիտով։
Արթուր Պողոսյան
Ասկերանից
-----------------
-Ամեն ինչ թողել եմ այնտեղ․ մեքենան՝ ավտոտնակում, չհասցրի նույնիսկ հորթերին բաց թողնել։ Նկարիչ եմ ու իմ հավաքածուներն եմ թողել, որի համար ամենաշատն եմ անհանգստանում․․․ ամբողջ կյանքում նկարել եմ, մեկ օրում կորցրել։

Փաստորեն միայն Գալյուկը փրվեց․ իրեն բերելու մտադրություն չունեի, բայց սարերով-ձորերով եկավ, հասավ ինձ։
1915 թվականի քոչվոր վիճակում ենք, գուցե թե ավելի սարսափելի է հիմա։
Լուսանկարը արվել է 2023թ․ հոկտեմբերի 1-ին
Արաքսյա Մեսրոպյան,26 տարեկան
Ստեփանակերտից
----------------------------
-էս տարիքում արդեն հասցրել եմ երկու անգամ տեղահանվել․ 2020 թվականին Շուշիից՝ Ստեփանակերտ, հիմա էլ Գորիս։ Անելանելի իրավիճակներում կողմնորոշվելը դժվար է․ հանկարծակի գնացել ենք նկուղ, մի քանի օր մնացել, այնտեղից էլ տեղափոխվել Գորիս։ Նկուղ գնալիս հասցրել եմ երկու տարեկան երեխայիս վերմակը վերցնել և մի քանի նկար․ հենց դա էլ բերել եմ հետս։ Էս նկարս անհոգ տարիներիս ապացույցն է․ երբ ես փոքր էի ու շրջապատված հարազատ մարդկանցով։
Շարքը կարող է շարունակական լինել․․․
Մենք սպասում ենք Ձեր պատմություններին
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website