«Եթե նախկին կյանք վերադառնայի, նորից տուն կկառուցեի․հիմա էլի մտածում եմ տուն կառուցելու մասին»
Զեմֆիրա Հարությունյան ծնունդով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից, Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում ամուսնացած, 18 տարի հետո՝ 2011 թվականի Քաշաթաղի շրջանի Բազմատույս գյուղում բնակություն հաստատած, 44-օրյա պատրերազմի ընթացքում Սյունիքի մարզի Շաքի գյուղ տեղափոխված, այնտեղից՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ, հետո՝ Աղավնո, Աղավնոյից՝ նորից ծննդավայր, վերջում էլի Շաքի վերադարձած։
Առաջին պատվերը Սիսիանում գործող կիսաֆաբրիկատների գործարանի համար սրբիչներ կարելն էր։
Տիկին Զեմֆիրայի արվեստանոցում ենք, որը շուտով «Մեր այան» (Արցախի բարբառով այա- տատ) անունը կկրի։ Սիսիան համայնքի Շաքի գյուղի կենտրոնում գտնվող մոտ 15 քառ․ մետր տարածքը վերաձևափոխվել ու դարձել է կարի արհեստանոց․ կտորեղենի համար նախատեսված պահարանները նախկին առևտրի-սրահինն է, հանդերձարանը՝ հին քիվերով ու վարագույրներով, «գյուղի տղաների օգնությամբ» առանձնացված տարածքը։

Չնայած գորգերով ծածկված բետոնե հատակից փոխանցվող սառն օդը ծակում է ոսկորդ, բայց արցախցու հեռահար նպատակներն ու ուժ փոխանցող խոսքերը քեզ անվերջ իր մոտ են պահում։

Շատ աշխատանքներ չկար տեսնելու․ հիմնականում պատվիրվածը տանում են, իսկ ինքը դեռ այնքան էլ ֆինանսական կայուն վիճակում չէ, որ նախապես պատրաստի հագուստ, սպիտակեղեն, սրբիչներ և այլ իրեր ունենա, բայց խոստացավ մեզ իր տանը հյուրըկալել և ցույց տալ այն, ինչ ունի։


Մեր հերոսը մասնագիտությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի է․ 2020 թվականին առաջին անգամ Շաքի տեղափոխվելու ընթացքում անհատական պարապմունքներ էր իրականացրել ու մեկ ամսով փոխարինել տեղի ուսուցչուհուն։ Երկրորդ անգամ ու, ինչպես ինքն է ասում, «հուսամ՝ մշտական» տեղափոխվելուց հետո հիմնական ընդունվել է աշխատանքի։

Հիմա նրա համար անսովոր է միայն մի առարկա պարապելը, քանի որ Քաշաթաղի շրջանի Բազմատույս գյուղի դպրոցի հիմնադիրներից էր ու դասավանդում էր ռուսաց լեզու, կերպարվեստ, պատմության հետ կապված բոլոր առարկաները, ժամանակ է եղել՝ նաև մայրենի լեզու և գրականություն։ Աղջիկներից մեկը համալսարանն ավարտելուց հետո «օգնության է հասել» ու սկսել դասավանդել պատմություն և աշխարհագրություն, իսկ մյուս աղջիկը դասվար էր։

Չորս աղջիկ և մեկ տղա ունեցող մայրը հիմա Շաքիում միայնակ է ապրում ու քանի որ միայնությանը սովոր չէ, սկսել է նախընտրելի զբաղմունքները «վերակենդանացնել»։

-Վաղ տարիքից շատ եմ սիրել նկարել, ասեղնագործել, շյուղերով գործել ու կարուձևով զբաղվել։ Էդ ամենը մեր մեջ արթնացրել ա մայրական կողմից տատիկս։ Տատս միշտ ասում էր, որ եթե աղջիկ ես ծնվել, պարտավոր ես ամեն ինչ կարողանալ․ խմորեղեն թխել, ինքդ քո երեխայի համար գործել, կարել, ձևափոխել։ Արդյունքում ամեն ինչով զբաղվելը սովորել ենք և հոբբին դարձել է կենսակերպ։ Եվ քանի որ մենակությանը չեմ հարմարվում, սկսեցի հետաքրքրվել, թե Սիսիանում ինչ այլընտրանքային զբաղմունք կա և իմացա «Մեծահասակների կրթության կենտրոնում» արցախցիների համար կազմակերպվող կարուձևի դասերի մասին։ Գրանցվեցի ու երկու ամիս հաճախեցի դասերին,- պատմում է նա։
«Մարդկանց պիտի տաս հավատ, որ դու էլ կարող ես»
Այդ դասընթացները նոր հեռանկարներ բացեցին ուսուցչուհու կյանքում։ Դպրոցից հետո կարուձևը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Դեռ դժվարություններ շատ ունի․ քանի որ հիմա կենցաղային մեքենայով է կարում, որը մաքրակարի հնարավորություն չունի, մասնագիտական հնարքի արդյունքում այլ տեսակի կարով փոխարինում։ «Հիմա, կարճ ասած, սահմանափակ ա ամեն ինչ»։

Չնայած սա գյուղի միակ կարի արհեստանոցն է, բայց շատ կանայք կան, որ մասնագիտացված են այս գործում և տներում աշխատում են։ Ցանկություն ունի մեծ ձեռնարկություն հիմնել, իր գործում ներգրավել Շաքիի և կողքի գյուղերի կանանց, թիմ կազմել և զարգանալ։
-Մարդ չպիտի կենտրոնանա մի աշխատանքի վրա․ այսինքն եթե ես գնում եմ դպրոց, չպիտի մտածեմ, որ հերիք ա, ամսվա վերջ աշխատավարձ ունեմ։ Այլ զբաղմունքներ ունենալով՝ և՛ զբաղվածության հարցն ես լուծում, և՛ ժամանակի անիմաստ կորուստ չես ունենում։ Պարզապես մարդկանց մեջ պիտի հավատ, հույս լինի իրենց արած գործի նկատմամբ․․․նույնիսկ եթե գյուղի, համայնքի զարգացման վրա դա շատ չնչին նշանակություն կարող է ունենալ կամ նույնիսկ չունենալ, ցանկացածի ընտանիքում էդ տարբերությունը զգացվում ա, որի համար էլ պիտի քայլ անել»,-մեզ հետ զրույցում պատմում է Զեմֆիրան և ավելացնում․

-Այս դասընթացների արդյունքում բացի հմտություններ սովորելուց, նաև հասկացա, որ մենակ ես չեմ, որ ուզում է սովորել, շարունակեն ապրել, արարել ու ինտեգրվել էս տարածքին։ Դա ինձ ոգևորեց առաջ նայելու։ Մենք պիտի վերացնենք մարդկանց մեջ ինքնավստահության պակասը և տանք նրանց հավատ, որ դու կարող ես։
Ուսուցչուհուն դպրոցից դուրս արհեստանոցում կարելի է գտնել․ մինչև ուշ երեկո այնտեղ է, իսկ եթե տանն է, էլի կիսատ գործերն է շարունակում կամ նկարում։
Տունը, որտեղ ապրում է տիկին Զեմֆիրան, 30 տարի բնակեցված չի եղել․ չնայած վարձակալությամբ էր վերցրել, բայց իր նախաձեռնությամբ պատերը ներկել, տարածքը բարեկարգել է, այսպես ասած «շունչ է տվել տանը» և երբ տանտերը եկել է, դադարել է գումար վերցնել։
«Ամեն մեկս մի տուն կառուցելով՝ երկիր կկառուցենք»
Մի քանի անգամ հարկադրաբար բնակության վայրը փոխած կինը, ով չի հասցրել բնակարանամուտ տոնել, հեռացել է հայրենի բնակավայրից, հիմա էլի մտածում է նոր տուն կառուցելու մասին․
-Ամենացավալին այն էր, որ ես ու երեխաներս էդ տարիների ընթացքում ինչքան աշխատել էինք մեր ամբողջ էներգիան, աշխատանքը, ժամանակը կենտրոնացրել էինք տուն կառուցելու վրա և երբ արդեն պատրաստ էր ու պիտի արդեն վայելեինք, մեզ ասեցինք, որ պիտի դուրս գանք․ «դա ձերը չի»։ Բայց եթե նախկին կյանք վերադառնալու հնարավորություն լիներ, էլի տուն կկառուցեի։ Ամեն մարդ մի տուն կառուցելով գյուղ ա դառնում․ ոնց որ մենք արեցինք Քաշաթաղում և հիմա էլի մտածում եմ․․․
© Գորիսի մամուլի ակումբ
Լրագրող՝ Անահիտ Բաղդասարյան
Օպերատոր՝ Նորայր Դանիելյան

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website