Մհերը, ով ամուր է պահում երկրի թիկունքը

Որոտան գյուղում ենք․.. ադրբեջանական հենակետի դեմ դիմաց` հարյուր մետր հեռավորության վրա։

Մհեր Տատինցյանի «թագավորությունում»։

Մհերը քսաներեք տարի առաջ է վերադարձել Ռուսաստանից, Որոտան գյուղում տուն գնել, ծառեր տնկել, այգի հիմնադրել։ Տարիների ընթացքում 5000–ից ավելի թթենի, նռնենի, հոնի ու արքայանարնջի ծառեր է տնկել, վերջերս՝ նաև կիվիի ու սերկևիլի տնկիներ ավելացրել, ինչպես ինքն է ասում՝ տարիներ շարունակ անմշակ տարածքներին կյանք է տրվել, ծառերը վերակենդանացրել։

«Կիվիի տնկիներ էի պատվիրել, պատերազմից հետո մատակարարը զանգահարել էր հարցնելու, թե արդյո՞ք պատվերն ուժի մեջ ա՝ պատճառաբանելով պատերազմական իրավիճակը։ Հակառակվեցի ու պահանջեցի ուղարկել տնկիները։ Ինչպես մինչև պատերազմն եմ առավոտ ժամը հինգից աշխատել, այնպես էլ հիմա պատերազմից հետո»,– նշում է նա։
Մինչև վերջին տարիներն ավելի շատ շինարարական աշխատանքներ էր կատարում, բերքը՝ ավելի ուշ է սկսել հավաքել, նաև մրգողի է թորում։ Հիմա տնտեսությունում արդեն տասը մարդ է աշխատում, ովքեր ամբողջ տարին զբաղածություն ունեն, իսկ բերքի հավաքագրման շրջանում նրանց թիվն ավելանում է։
Մհերը պլաններ շատ ունի․ ասում է, որ այս հողում, հենց թշնամու աչքի առաջ, առնվազն հիսուն աշխատատեղով ապահոված ընկերություն պիտի լինի։ Վերջին մի քանի տարիների արտադրանքը՝ հոնի և թթի օղին, «Syuniko» անվամբ մի քանի օր առաջ արտահանել է արտերկիր։
Մեր՝ գյուղում գտնվելու օրն էլ, խնձորի օղի էին թորում։
Ուժեղ կամքի տեր այս մարդն իր արած գործի մասին խոսել չի սիրում, առավել ևս՝ պարծենալ։ Պատերազմից հետո առաջացած դժվարություններն էլ նրա համար ոչ թե տրտնջալու, այլ՝ ջանքերը կրկնապատկելու, դրանք հաղթահարելու համար են։ Կան խնդիրներ, որոնք պատերազմից առաջ էլ կային․ խմելու ջուրն, օրինակ, ամեն օր Գորիսից են բերում, որտեղ հասնելու համար այլընտրանքային ճանապարհով նախկին 15-20 րոպեի փոխարեն մեկ ժամ ճանապարհ են կտրում, իսկ հողաթափումների դեպքում, այն դառնում է անանցանելի։ Նաև աշխատակիցներն են Գորիսից, ամեն օր գնում-գալիս են:
Հիմա զբաղված է ոռոգման ջրի հարցով։ Համայնքային իշխանությունը և այլ կազմակերպություններ էլ են աջակցում․ արդեն ջրատար խողովակներ է ձեռք բերել։ Ոռոգման համակարգի մի մասը 44-օրյա պատերազմից հետո մնացել է հակառակորդին անցած տարածքում, որի պատճառով ինչպես իր տնտեսությունում, այնպես էլ Որոտանի մյուս թաղամասերում ջրի խնդիր կա։ «Հերթով բոլոր խնդիրները կլուծվեն՝ առանց մտածելու ռիսկերի մասին, որոնք ամեն տեղ էլ կան․ գյուղը լինի սահմամամերձ, թե՝ չէ»,-ասում է Մհերը։
Նա վաղուց Գորիս համայնքի Որոտան բնակավայրի մշտական բնակիչ է, ու գյուղի սահմանամերձ դառնալու փաստը որևէ կերպ չի ազդել իր նախագծերն իրականացնելու հարցում․ «էս մեր ծորն ա, մենք ստեղան էլ տեղ չունենք քինալի․ մենք պիտի ամուր կանգնենք մեր հողին»,- հաստատակամ ասում է նա ու ավելացնում, որ եթե մինչև պատերազմ երբեմն մենակ էր լինում, հիմա աշխատակիցներից առնվազն երկուսը գիշերում են իր հետ։
Նրա հարկի տակ միշտ հյուրեր կան․ անուշահամ խորովածի հոտը, հաստատ, ադրբեջանական ուղեկալ է հասնում, նաև այն կենացները, որոնք հայրենիքի, հայրենիքը պահող մարդկանց մասին են։ Ու դրանք միայն բաժակաճառեր չեն, այլ մեզ՝ մի քանի ժամ նրա այգում հյուրընկալված լրագրողներիս ու մյուսներին պատգամ, որ հայրենասիրության, սահման պահելու մասին լավագույն միջոցները սահմանին տուն կառուցելն ու այն շենացնելն են։
Հետդարձին ստիպված էինք շրջանցել Գորիս-Որոտան ճանապարհը, որովհետև քարաթափման պատճառով այն ժամանակավորապես անանցանելի էր։ Հասնելով Բարձրավան, մի քանի անգամ երկարեց ճանապարհը․ Հայաստանի թիկունքը պահող Որոտանը մնաց հեռվում, բայց մեր սիրտը հանգիստ է, որովհետև այնտեղ է ապրում Մհերը, ով ամուր է պահում երկրի թիկունքը։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
օպերատոր՝ Նորայր Դանիելյան
Made on
Tilda