Վերիշենի «Լոբին»՝

զբոսաշրջիկների սիրելի վայր

Անժելիկա Դաջունցը Վերիշեն գյուղում 2018 թվ․ հացատուն է բացել ու այն կոչել «Լոբի»(LOBY), ոչ միայն այն պատճառով, որ Գորիսի լոբին հայտնի է, այլ իր կարծիքով անունը հնչեղ է, հիշվող ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրացիների համար, ովքեր հաճախ են հյուրընկալվում այստեղ։
Հացատան գաղափարի «սեփականատերը» աղջիկն է՝ Աշխենը, ով չնայած ծնողների մտավախությանը իրենց մեկդարյա պատմություն ունեցող մեկհարկանի փոքրիկ տունը վերապրոֆիլավորել է։

Տարածքը մինչ այդ ծառայում էր որպես պահեստ, լոբու չորանոց։ Նախատեսում էին անգամ քանդել, բայց միշտ հետաձգվում էր որոշումը, մինչև որ մի օր դուստրը հայտարարեց, թե բիզնես է սկսելու ընտանիքի համար։ Մայրը դեմ էր այդ գաղափարին, որովհետև չէր պատկերացնում, թե փոքր տունն ինչով պիտի գրավի մարդկանց․ «Երիտասարդությունն ավելի խենթ ա ու ճշմարիտ քայլեր է անում, քան մենք ենք պատկերացնում։ Ու այս հարցում աղջկաս նախաձեռնությունը հաղթեց իմ վախերին։ Ասաց, որ ժամանակի հետ ամեն ինչը ստացվելու է և, իրոք ստացվեց»,- ինքնաքննադատորեն «արդարանում է» տիկին Անժելիկան։
Ընդամենը երկու հազար բնակիչ ունեցող փոքրիկ գյուղը, որը 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձի կարգավիճակ ստացավ, շատերի համար սիրելի վայր դարձավ։ Այստեղ եկող հյուրերը, մասնավորապես օտարերկրացիները, բացի համեղ, ավանդական ճաշատեսակներ համտեսելուց, լսում են նաև Վերիշենի, մասնավորապես, հացատան դիմաց գտվող 4-5 դդ կառուցված Սբ․ Հռիփսիմե եկեղեցու պատմությունը։

«Ընթրիք ընտանիքում»․ այս գաղափարի շուրջ ձևավորվեց հացատան ամբողջ գաղափարախոսությունն ու գործելաոճը։ Հացատան հիմնական այցելուները զբոսաշրջիկների խմբերն են, որոնց հետ հաղորդակցությունն ապահովում է Աշխենը, իսկ հացատան ճաշացանկում տեղ գտած ուտելիքները մայրիկի ձեռքերով են պատրաստվում։

Տանտիրուհին մասնագիտությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի է, աշխատում է Ակներ գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ խոհարարությունը պարզապես ամենօրյա աշխատանքն է, որը, ինչպես ինքն է ասում, կարծես թե լավ է ստացվում։ Դրա մասին են վկայում սեղանին միշտ իր պատվավոր տեղը գրաված կարծիքների գիրքը, որտեղ հյուրերը կիսվում են իրենց տպավորություններով։ Ասում է, որ ժամանակ առ ժամանակ թերթում է, վերհիշում, որը ավելի կատարելագործվելու էներգիա է փոխանցում։
Տիկին Անժելիկան հիշում է, որ Մարիա անունով ուկրաինահայ ցանկություն էր հայտնել գալ ու որոշ ժամանակ կամավորություն աներ․ առաջարկը սիրով ընդունվել է, որի արդյունքում աղջնակը օգոստոս ամսվա երկու շաբաթը անց է կացրել Վերիշենում․ դա այն շրջանն է, երբ չորացած լոբին հավաքում են այգիներից։

Համատեղել ստացվում է, քանի որ հյուրերը նախապես են տեղյակ պահում։ Ասում է, որ չի պատկերացնում որևէ մեկի ներկայությունն իր խոհանոցում, եթե ինքն այնտեղ չէ։ Լինում է, որ մեծ խմբերի դեպքում ընկերուհին է ձեռք մեկնում, բայց միայն օգնություն և ոչ թե ինքնուրույն նախաձեռնություն։ «Նախապես ոչինչ չի պատրաստվում․ ամեն ինչ ժամերի ընթացքում և թարմ․ դրա համար չեն կարող առանց նախապես տեղյակ պահելու գան հացատուն։ Սա ռեստորան չի, որ գան ու տեղում պատվիրեն»,- նշում է Անժելիկան։
Լոբով ապուր, հումուս, չոր և կանաչ լոբով աղցաններ, տապակած լոբի, լոբու տերևով տոլմա և մի շարք այլ ավանդական ճաշատեսակներ են ներառված ճաշացանկում։ Յուրաքանչյուր սեղանին միշտ լինում է ինչ-որ մի ուտելիք լոբով պատրաստված․ վերջում Վերիշենի սարերից հավաքած խոտաբույսերով թեյն ու ուսուցչուհու պատրաստած գաթան կամ փախլավան անվճար հյուրասիրություն է։ Ճաշացանկը կապված սեզոնի հետ փոփոխվում է։
«Մեր «Լոբիի» յուրահատկությունն այն է, որ մենք ձգտում ենք օգտագործել մեր այգում, մեր տնտեսությունում «արտադրվող» գյուղմթերք։ Գյուղում գիտենք ինչ միս են մորթում, կաթը, ձուն ումից ենք գնում, տնական պանիրն ու յուղն ով է պատրաստում և այլն։ Հենց դա է գրավում զբոսաշրջիկին։
«Լոբին» 2019թ․ մեծ թվով հյուրեր է հյուրընկալել, իսկ համավարակի և պատերազմի պատճառով գրեթե հյուր չեն ունեցել։ Պատերազմի օրերին հացատունը ծառայել է որպես կացարան Արցախից տեղահանված մի քանի ընտանիքի համար։

Չնայած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, տիկին Անժելիկայի խոսքով՝ հացատան հետ կապված պլանները ոչ մի կերպ չեն փոխվել։ Շարունակել են բարելավել ու նոր ներդրումներ անել հենց պատերազմից հետո։ Վերանորոգվել է խոհանոցը, որի շնորհիվ սկսել են կազմակերպել վարպետաց դասեր։ Հյուրերն իրենք են պատրաստել որևէ ճաշատեսակ, օրինակ, տոլմա։ Տարածաշրջանում ճաշատեսակներից Վերիշենի տոլման տարբերվում է․ այս տարի նվազագույնը 10 անգամ լոբու տերևով տոլմայի պատրաստման վարպետաց դաս է կազմակերպվել օտարերկրացիների համար։
«Պատերազմից հետո ոչինչ չենք փոխել մեր պլաններում․ մենք ոչ մի ուրիշ տեղ գնալու իրավունք չունենք։ Սա մեր տեղն ա, սա մեր տունն ա․ ինչ որ կա, պիտի շարունակենք շենացնել․ կարծում եմ, յուրաքանչյուրը պիտի այդպես մտածի ու իր ներդրումն ունենա․ ես լավատես եմ ու գալիք եկող լավ օրերին հավատում եմ»,- վստահեցնում է տիկին Դաջունցը։
Սև լճի (որտեղից իրենց գյուղը բավական մոտ է) տարածքի հարևանությամբ գտնվող գյուղում կյանքի առաջնահերթությունները փոխվել են, բայց Անժելայի կարծիքով ձեռքերը ծալած նստելն ամենամեծ դավաճանությունն է մեր երկրին։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:




© Գորիսի մամուլի ակումբ

հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան

խմբագիր՝ Սուսաննա Շահնազարյան

օպերատոր՝ Նորայր Դանիելյան

Made on
Tilda