Տեղական ինքնակառավարման մարմինների դերը արտակարգ իրավիճակներում
Արցախահայության տեղավորման գործընթացը հնարավոր էր իրականացնել բոլոր օղակների համագործակցության շնորհիվ

2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքներն ընդունել են 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցի։ Նրանց գերակշիռ մասը տեղափոխվել է հանրապետության այլ բնակավայրեր, սակայն առաջին կայանատեղին Սյունիքն էր, և հյուրընկալության ֆիզիկական և հոգեբանական ծանրությունը տեղացիների ուսերին էր։ Պաշտոնական թվերով այժմ Սյունիքի տարբեր համայնքներում շարունակում է բնակվել մոտ 6000 ընտանիք։ Նրանցից ոմանք տեղահանման առաջին օրերին ցանկություն էին հայտնել մեկնել մայրաքաղաքին մոտ շրջաններ, սակայն հետագայում վերադարձել Սյունիք։


Պատկերը նույնն էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում Հայաստան էր տեղահանվել 96 հազար արցախցի․ նրանց մեծամասնությունը վերադարձել էր Լեռնային Ղարաբաղ և միայն 21 հազարը կամ 5400 ընտանիք մնացել Հայաստանում։ Այդ ընտանիքներից 819-ը մինչև այժմ էլ շարունակել է մնալ Սյունիքում։


Երկու դեպքում էլ պատասխանատվության մեծ բեռը դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների/ ՏԻՄ/ ուսերին, որոնք, բացի իրենց կամավոր և պարտադիր լիազորություններից, ներգրավված էին նաև արցախցիների տեղավորման, սննդի և այլ կարիքների հոգալու գործում։

Այս առումով, ի պատիվ մարզի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, նրանք փորձել են համատեղել՝ իրականացնելով և՛ իրենց գործառույթները, և՛ ստեղծված իրավիճակում առաջացած այլ պարտականություններ․ «ՏԻՄ-ը լիովին իր աշխատանքները կատարել է, քանի որ փորձ ունեցել ենք ու յուրաքանչյուր խնդիր կարողացել ենք հեշտությամբ լուծել։ ՏԻՄ-ի մյուս գործերը, այսպես ասած, չեն տուժել․ աշխատել ենք շաբաթ-կիրակի, արտաժամյա, հասցրել ենք զուգահեռաբար կատարել և՛ մեր աշխատանքը, և՛ ծագած խնդիրները․ դժվարությունների առաջ չենք կանգնել, և ամեն ինչ բնականոն հունով ընթացել է»,-ասում է Տաթև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մելանյա Թևոսյանը։


Տաթև համայնքում 210 արցախցի է բնակություն հաստատել, չնայած, որ նախնական շրջանում նրանց թիվը հասնում էր հազարի։ Մելանյայի խոսքով՝ այն պահից, երբ Տաթև համայնքի վարչական կենտրոնում՝ Շինուհայրում տեղավորելու հնարավորություն այլևս չկար, փորձել են տեղահանվածներին տեղավորել համայնքի մյուս բնակավայրերում՝ Սվարանցում, Տանձատափում։ Եվ չնայած նախնական դժգոհություններին, հիմա ընտանիքներ կան, որ վերջնական որոշում են կայացրել հաստատվել այնտեղ։ ՏԻՄ-ն էլ ամեն ինչ անում է աջակցել նրանց ինտեգրմանը։ Ոմանք ապահովվել են աշխատանքով՝ Տաթև բնակավայրի վարչական նստավայում, Շինուհայրի միջնակարգ դպրոցում։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ էր ՀՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի, ՏԻՄ-ի, հասարակական սեկտորի արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ և՛ նախնական շրջանում համակարգված կազմակերպվել է հյուրընկալության աշխատանքները, և այժմ էլ շարունակվում է նրանց սոցիալական խնդիրների լուծման աշխատանքները։ «Արցախից բռնի տեղահանվածների տեղավորումը հաջողվեց համայնքապետարանի, մարզի, պետության, համայնքում գործող այլ կազմակերպությունների աշխատակիցների, սոցիալական աշխատողների ճիշտ աշխատանքի շնորհիվ։ Պետական մարմինների համակարգման արդյունքում ու շատ քիչ թերություններով հանդերձ, հաջողվեց հաղթահարել ճգնաժամը»,- մեզ հետ զրույցում նշում է Գորիս համայնքի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Մարիաննա Աբգարյանը։

Այժմ Գորիս համայնքի տարբեր բնակավայրերում, հիմնականում Գորիս քաղաքում, Վերիշենում, Քարահունջում շարունակում է բնակվել տեղահանված 1600արցախցի։ Հեռավոր գյուղերից միայն Բարձրավանում է հաստատվել երեք ընտանիք։
Մարիանայի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պայմաններում ՏԻՄ-ը շարունակել է իր հիմնական գործառույթներն իրականացնել, քանի որ տեղահանվածների հյուրընկալությունը կազմակերպող աշխատանքային խումբ էր ձևավորվել, որը մինչև այժմ էլ շարունակում է զբաղվել տեղահանվածների խնդիրների լուծմամբ։

Այժմ համայնքը միայն իրականացնում է ցուցակագրման, սննդի և առաջին անհրաժեշտության իրերի բաշխման, կարիքների գնահատման գործընթացը, որում բացի պետական, տեղական և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունից, մեծ է նաև կամավորների դերը։

17-ամյա Միլանա Լալայանը դեռևս 44-օրյա պատերազմից սկսած որպես կամավոր ներգրավված է եղել տեղահանվածների աջակցման գործում։ Չնայած այս պահին նրա հասակակաից մարդ չկա հումանիտար աջակցության տրամադրման կենտրոնում, բայց նա շարունակում է օգնել մեծերին։․ «ինչքան զգամ, որ իմ կարիքն էստեղ կա, մինչև վերջ սիրով կանեմ ամեն ինչ»,- վստահեցնում է դպրոցականը։ Փայլող աչքերով աղջնակը բոլորի «շտապ օգնությունն» է․ «երբեք չեմ մտածել, որ էսքան սուրճ կպատրաստեմ, կամ որ պիտի էսքան ժպիտ փոխանցեմ ամենքին»,-անկեղծանում է նա։

«Միլանան մեր արևն է»,- կողքից բարձրաձայնում են մյուսները։

Միլանայից բացի, աջակցման կենտրոնում են այլ կամավորներ ևս՝ թե տեղացի և թե տեղահանվածներ։

Լուսանկարում Արցախից բռնի տեղահանված Սամվել Հայրապետյանն է և Ռոլան Ավագյանը։ Նրանք իրենց ընտանիքներով բնակվում են Գորիս քաղաքում և որպես կամավորներ մասնակցում են տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրող աշխատանքներին։

Չնայած բոլոր օղակների պատրաստակամության արդյունքում խնդիրները լուծելի են թվում, այնուամենայնիվ դժվարություններ ևս կան։ Խոսքը վերաբերում է ճգնաժամային իրավիճակներում է մարդկային ռեսուրսներին։ Օրինակ, Գորիս խոշորացված համայնքն իր մոտ 30 հազար բնակչությամբ, 2020 թվականին և 2023 թվականին տեղահանվածներով, այսինքն ընդհանուր մոտ 33 հազար բնակչության հետ, աշխատում է միայն մեկ սոցիալական աշխատող։ Նույն պատկերն է նաև մյուս համայնքներում։ «Տեղահանված անձինք շատ են և ֆիզիկապես էդ մեկ աշխատողի համար դժվար է ժամանակին հավաքագրել ամբողջ տեղեկատվությունը․ բայց բոլոր խնդիրները լուծելի են հավելյալ ռեսուրսների գեներացմամբ, հավելյալ աշխատակիցների ներգրավմամբ»,-ասում է Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը։



Սեպտեմբերին, երբ սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, Սյունիքի մարզպետարանում ձևավորվեց աշխատանքային շտաբ, նորտեղ ներգրավված էին տարբեր ոլորտների պատասխանատու անձինք, որոնց թվում նաև ներակայացուցիչներ՝ ՏԻՄ-երից։

Աջակցման աշխատանքները շարունակվում են նաև հիմա, և առաջնահերթ են բնակարանային, ձմեռացման պարագաներով ապահովման խնդիրները։ Հյուրանոցներում դեռևս շարունակում են արցախցիներ բնակվել ,որոնք բնականաբար երկար չեն կարող այնտեղ ապրել։

Խորհրդականի խոսքով փորձում են այդ հարցերը լուծել, մինչև կառավարության կողմից հստակ որոշում կկայացվի, նրանց կեցության խնդիրները վերջնականորեն լուծելու համար։

Made on
Tilda