Պատերազմը ևս կարևորեց սպորտի զարգացումը
«Կորոնավիրուսը էնպես արեց, որ երեխաների մարզումներին էլ էինք զումով հետևում»,–կեսկատակ, կեսլուրջ ասում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչ Վրեժ Դավթյանը։

–Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, երբ հնարավոր չէր կազմակերպել մարզումները, երեխաները հանձնարարություններ են ստացել ու փորձել կատարել առաջադրանքներն իրենց այգիներում ու բակերում։ Հունվարից արդեն մարզումները սկսեցինք մարզադահլիճում,–ավելացնում է նա։

Հունվարից սկսվել են նաև մարզադպրոցի մյուս խմբակների պարապմունքները։
«Շատ էինք կարոտել ու հիմա սիրով մասնակցում ենք։ Բակում խաղում էինք, բայց դե մարզիչի հետ պարապելը, մեծ թիմով խաղալը, մրցույթների մասնակցելն ուրիշ հաճույք է», – ասում է մարզադպրոցի սան Գոռը ու շարունակում հարվածել հակառակորդ թիմի դարպասին։
Մարզադպրոցում գործում է ֆուտբոլի հինգ խումբ, որից երկուսը՝ Խնձորեսկ բնակավայրում․ ընդհանուր 70 պատանի մասնակցում է պարապմունքներին։ Ցավոք, համապատասխան ֆուտբոլի դաշտ չունեն, և պարապմունքները կազմակերպվում են Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում։

Հիշեցնենք, որ Գորիս քաղաքն ունի ֆուտբոլի դաշտ, որը 2019 թվականի գարնանից չի գործում։ Ըստ Գորիսի համայնքապետարանի կողմից տարածված տեղեկատվության, շվեցարահայ բարերարի ֆինանսական օժանդակությամբ Գորիսում պետք է հիմնանորոգվեր ֆուտբոլի դաշտը, որը նախատեսված էր մինչև 300 մարզիկի համար։ Դաշտի մաքրումից և հարթեցումից հետո աշխատանքները դադարեցվել են, աջակցությունը նույնպես։
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ–ի տնօրեն Գարիկ Գյուլանբարյանի խոսքով 2022թ–ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ ֆուտբոլի դաշտի վերանորոգումը կավարտվի։ Գորիսի համայնքապետարանի և ՀՖՖ–ի հետ համատեղ առաջիկայում մինի ֆուտբոլի դաշտեր կստեղծվեն նաև Գորիսի սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես Որոտանում, Շուռնուխում և Բարձրավանում։
Ի տարբերություն ֆուտբոլասերների, բոլոր պայմանները ստեղծված են ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի սիրահարների համար։
1940 թվականին ստեղծված մարզադպրոցը վերանորոգվել է 2019թ․ին։ Անհրաժեշտ գույքային պայմաններով հագեցած դպրոց է հաճախում ավելի քանի 150 պատանի։ Այժմ գործում է ծանրամարտի և ըմբշամարտի երկուական ուսումնամարզական խմբակ։ Առաջիկայում նախատեսվում է ունենալ նաև բռնցքամարտի խմբակ։
Մարզադպրոց հաճախում են 7–15 տարեկան երեխաները, խմբակները ներառում են նախապատրաստական և ուսումնամարզական փուլերը, սակայն պլանավորվում է առաջիկայում ունենալ նաև կատարելագործման փուլ։ Բացի Գորիս համայնքից, պարապմունքներին մասնակցում են նաև Տեղ, Տաթև համայնքի պատանիներ։


Դպրոցում պահպանվում են կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր կանոնները․ջերմաչափում, սենյակների ախտահանում և այլն։ Համավարակի պատճառով պարապմունքները կազմակերպվում են շաբաթական երեք անգամ։ Սոցիալական հեռավորություն պահելն անհնար է, բայց մյուս կանոններին հետևում են սաները։ «Բարեբախտաբար, որևէ դեպք չի գրանցվել մարզադպրոցում․ հստակ տեղեկացված է, որ որևէ նշան ունենալու դեպքում պարապմունքի չհաճախեն»,– ասում է բուժքույր Գայանե Սաֆարյանը։
Երեխաների հետ աշխատելու, նրանց ոգևորելու տարբերակ է գտել ըմբշամարտի մարզիչ Գալուստ Հակոբյանը։ «Հենց սկսում են թուլանալ, ասում եմ, բա ամո՞թ չի քարաշենցի գա, շինուհայրցուն հաղթի․․․ թասիբի են ընկնում ու սկսում ավելի ակտիվ պարապել»,–անկեղծանում է նա։



«Համավարակը, կարանտինը շատ խանգարեց․ երեխաները ստիպված են ավելի ինտենսիվ պարապել, որ հասցնեն հաղթանակներ բերել»,–նշում են մարզիչները։

Մարզիչների միակ մտահոգությունը առարկայական պարապմունքների պատճառով երեխաների ինտենսիվ չհաճախելն է։

«Ամեն ինչ կախված է ծնողներից․ մենք ամեն հարմարություն ստեղծում ենք երեխաների մարզական կյանքն ապահովելու համար, բայց երեխաները հենց առաջին դասարանից, ժամանակ չունեն իրենց սիրած գործով զբաղվելու․ լինի դա երաժշտություն, նկարչություն, թե՝ սպորտ։ Մեր ծնողները, մեկը մյուսին նայելով, տանում են առարկայական պարապմունքների, իսկ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է նշանակում սպորտով չզբաղվել»,–ասում է 40 տարուց ավելի որպես ֆուտբոլի մարզիչ տարբեր դպրոցներում, մարզադպրոցներում աշխատող Վրեժ Դավթյանը։
Շինուհայրցի Արմեն Խաչատրյանը արդեն 5 տարի է սպորտով է զբաղվում։ Բազմաթիվ մրցումների մասնակցած և հաղթանակների արժանացած տղան դպրոցում գերազանց է սովորում ու հասցնում է համատեղել սպորտն ու դասերը։ «Որոշել եմ սեփական բիզնես հիմնադրել ու զբաղվել սպորտով՝ մինչև կյանքիս վերջ։ Դասերի հետ համատեղելը դժվար չի, եթե սիրում ես։ Մեր գյուղում նման խմբակներ չկան, ու ես պատրաստ եմ ամեն օր էլ գալ Գորիս, միայն թե էլի չփակեն մարզադպրոցները», –ասում է 13–ամյա պատանին։

«Ամենակարևորը մարդկանց բարոյահոգեբանական վիճակի փոխվելն է, սպորտին առաջնահերթություն տալը։ Մարդկանց գիտակցական կյանքում սպորտը պիտի տեղ ունենա։ Համավարակը մեզ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հաղթում է նա, ով ունի բարձր իմունիտետ, կոփված է ու առողջ»,– նշում է Գարիկ Գյուլանբարյանը։

Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան


Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։



Made on
Tilda