Վայոց ձորի ճանապարհները Խաչիկ գյուղի «Առաստամուղ» թանգարան են տանում
Խաչիկ գյուղի միակ Աստվածաշունչը, ղաուրմա քանդելու, կարպետ հյուսելու, խմոր կտրելու, հացը հանելու գործիքներ, կավե կժեր և այսպես 1000–ից ավելի իր կարելի է տեսնել «Առաստամուղ» թանգարանում։ «Առաստամուղը» գտնվում է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, որտեղ 60–ական թվականներից հավաքվում է գյուղին վերաբերող ցանկացած իր։ «Սա ավելի շատ պահոց է, քան թանգարան, որտեղ պահվում է գյուղի պատմությունն ու մեր գերդաստանի մնացած հուշերը»,– ասում է այս իրերի վերջին «սեփականատերը»՝ Սոնա Մակարյանը։
Թանգարանի ստեղծման գաղափարը կեսուրի՝ Երանյակ Պետրոսյանինն է եղել․ նա գյուղի աշխարհագրության ուսուցչուհին էր և նա նախաձեռնությամբ դպրոցում ստեղծվել է թանգարանը։
«Սկզբում ամեն երեխա իրենց տան հին իրերից էր բերում դպրոց՝ առանց կարևորելու, որ դրանք մեծ արժեք ունեն։ Հետո գյուղի բնակիչներն էլ միացան նախաձեռնությանը ու այդպես՝ մինչև հիմա»,- ներկայացնում է տիկին Սոնան, ով մասնագիտությամբ ինժեներ է, բայց 1995 թվականից աշխատում է այդ դպրոցում և իրականացնում դպրոցի էլեկտրոնային կառավարումն ու նաև աշակերտների համար ինտերակտիվ դասեր կազմակերպում։
60–ականներին մոտ 3 հազար կտոր իր էր հավաքվել, սակայն դպրոցի վերանորոգումից հետո դպրոցում այլևս հարմար տարածք չլինելու պատճառով իրերն անընդհատ ստիպված էին տեղից տեղ տեղափոխել, որի ընթացքում մի մասը կորավ, մի մասը ջարդվեց․ ինչ էլ մնացել էր՝ հանգվանեց Երանյակ Պետրոսյանի տանը։ Այդ որոշումը դպրոցի մանկավարժական խորհրդինն էր, և Սոնայի ընտանիքը ձեռնամուխ եղավ թանգարանի պահպանության գործին։ Սոնան նաև կարպետագործության ու գորգագործության վարպետ է․ նրա շնորհիվ գյուղի շատ կանայք և աղջիկներ սովորում են ձեռագործության հմտություններ՝ ինչը, նրա կարծիքով այդ արհեստը սերնդեսերունդ փոխանցելու լավագույն տարբերակներից մեկն է։
Երեք կողմից Ադրբեջանին սահմանակից գյուղում մոտ 500 բնակիչ է ապրում․ նախկինում նրանց թիվն անհամեմատ մեծ էր։ Մեր զրուցակցի խոսքով՝ ժամանակին իրենց տանը 18 հոգի էր ապրում, իսկ հիմա միայն ինքն ու ամուսինը։ «Երեք երեխա ունեմ, ամենքը՝ մի տեղ։ Ճիշտ է՝ պլաններ ունեն ժամանակավոր գալու, մի քիչ գյուղը զարգացնելու, որն ինձ էնքան էլ դուր չի գալիս, բայց գոնե կգան․․․ թեկուզ ժամանակավոր։ Հիմա ինչպես մեր, այնպես էլ շատ տներում երկուսով՝ հիմնականում ծնողներ են ապրում»,- պատմում է նա։
Սահմանամերձ Խաչիկ հասնելու համար Եղեգնաձորից մոտ 40 կմ արևմուտք ես թեքվում։ Իսկ եթե ավելի պարզ՝ մի ամբողջ սար ես «հաղթահարում», որից հետո հայտվում մի կետում, որտեղից երևում է, ինչպես գյուղացիներն են ասում, «գյուղի այցեքարտը»՝ Արարատը։ Մեր այցելության օրը լեռը փակված էր ամպերով, բայց այն չնկատելն անհնար էր։
Հեռավոր այս գյուղ շատ են այցելում զբոսաշրջիկներ, որոնց ուղեկցում են նաև «Առաստամուղ»։ Տիկին Սոնան էլ առանց տրտնջալու, բոլորին ներկայացնում էլ այստեղ հանգրվանած իրերի պատմությունը։ «Սա մի տարբերակ է ցույց տալու, թե որքան հին է այս գյուղը, ինչ հնարամիտ մարդիկ են այստեղ ապրել», -ասում է նա և ավելացնում, որ թանգարան այցելողների մեջ տարբեր մասնագետներ են լինում, որոնցից յուրաքանչյուրն իրեն հետաքրքրող որևէ իր է գտնում։ Եվ արդյունքում ոչ թե ուղղակի ներկայացվում է պահպանված իրերը, այլ այն վերածվում է զրույցի, քննարկման ու մեկը մյուսի հետ կիսվում է իր իմացածով։

Օրինակ, թանգարանում տեղ գտած արդուկների պատմությունը հյուրերից է իմացել․ այն որ ածուխով տաքացող արդուկները նաև լույս էին տալիս, որի օգնությամբ մարդիկ գիշերը կարողանում էին տեղաշարժվել։

«Եթե նյութականի վերածես, սա թանկարժեք թանգարան չէ, բայց այստեղ պահպանվում են այն հմտություններն ու պատմությունները, որոնք կապված են մեր արհեստների, մեր գյուղի հետ»,- ավելացնում է «գյուղի պատմության պահապանը»։ «Առաստամուղի» դռներից մեկն ամբողջությամբ ծածկված է նկարներով։ Ամեն մի նկար, գյուղի մի իրադարձություն է բնութագրում․ մի երիտասարդի բանակ ճանապարհելու խնջույքից մինչև ուսուցիչների էքսկուրսիա գնալը, հարսանիքի հրավիրատոմս և այլն։

Թանգարանի հետ կապված շատ գաղափարներ կան, բայց առաջնայինը տանիքի հարցը լուծելն է, որից հետո արդեն ունեցած իրերը ըստ բաժիններիկ կներկայացվի։

Խաչիկ այցելած հյուրերն էլի վերադառնում են գյուղ և դրա «մեղավորներից» մեկը հենց Սոնան Մակարյանն է։ Թանգարանի յուրաքանչյուր հյուր պետք է համտեսի նրա պատրաստած ղաուրմայով կամ հավի մսով հաճարով փլավը։ Մենք էլ բացառություն չէինք, քանի որ «Սոնայի մոտ չէ-ն չի անցնում»։ Մի քանի րոպեում սեղանը լցվում է նրա պատրաստած ուտելիքներով․ մոթալի պանիր, թթուներ, տնական բոված ընդեղեն․․․բայց վերջում հաճարով փլավը բերելիս «սիրտը մի քիչ կախ էր»․ նրանք այս փլավը բոխու հետ են հյուրասիրում, իսկ հիմա չկա։
«Ամեն տարի ամուսինս գնում, սահմանին շատ մոտ, վտանգավոր դաշտերից է հավաքում բոխին, էս տարի չեմ թողե, որ գնա, վտանգավոր է»,- կարծես արդարանում է տիկին Սոնան։
«Ամեն տարի ամուսինս գնում, սահմանին շատ մոտ, վտանգավոր դաշտերից է հավաքում բոխին, էս տարի չեմ թողե, որ գնա, վտանգավոր է»,- կարծես արդարանում է տիկին Սոնան։
Հ Գ
Տիկին Սոնան չի սիրում լուսանկարվել․ անընդհատ «բողոքում էր» աչքի առաջ երևացող տեսախցիկից։ Նույնիսկ ասաց, որ «այնպես մոնտաժեմ, որ ինքը կադրում չերևա»։ Սա լսելիս «խառնվեցի իրար», բայց երբ ճանապարհելիս ցանկություն հայտնեց նկարվել հյուրերի հետ, մի տեսակ սիրտս տեղն ընկավ։ Իսկապես, որ Խաչիկ այցելած հյուրերն էլի ցանկություն են ունենում վերադառնալու․ ես էլ բացառություն չեմ։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
օպերատոր՝ Նորայր Դանիելյան
Made on
Tilda