Դժվարությամբ, բայց կյանքը

շարունակվում է Կոռնիձորում




Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի բնակիչ Արամայիս Առաքելյանի չորս հա հողամասի կեսը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մնացել է սահմանի մյուս կողմում, իսկ մյուս երկու հեկտարը՝ սահմանագծին։ Փաստաթղթերով իրեն պատկանող հողի ճակատագիրը դեռևս անորոշ է։

«Ռուսաստանից բերված 220 դրամանոց ցորենի սերմն է ցանած, բոլոր միջոցառումներն արված, փաստաթղթերով էլ իմն ա, բայց եկել, ասում են նրանցն ա։ Չգիտեմ վերջն ինչ է լինելու»,– ասում է Ա․ Առաքելյանը։ Անորոշ է նաև մնացած հողատարածքի ճակատագիրը, որն ընդամենը 200 մ հեռավորության վրա է գտնվում հակառակորդի հենակետից։ «Հիմա իմ մնացած վարելահողում պիտի աշխատանքներ տարվեն․ մկան դեղ դրվի, սրսկումներ արվեն․ մեկ–մեկ ռիսկի ենք դիմում, մոտիկանում ենք, բայց իրականում վտանգավոր իրավիճակ ա»,– ավելացնում է նա։

Հայտնի է, որ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրը շուրջ 18 կմ սահման ունի Ադրբեջանի հետ։ Գյուղը երեք կողմից հայտնվել է ադրբեջանական սահմանագծում:
«Էս պատերազմում մեր գյուղը հիմնականում արոտավայրերն է կորցրել, իսկ gps –ով չափումների արդյունքում բնակիչների սեփականաշնորհած հողերի մի մասը «դառնում է» ադրբեջանական։ Մարդը սեփականության վկայականն ունի, բայց անորոշության մեջ է, չգիտի վերջը ինչ կլինի, մինչև գան, սահմաններ ճշտեն։ Եթե վերջնական սահման գծելուց հետո էդ հողերը մնան ադրբեջանցիների ձեռքին, պիտի մի բան անենք, էդ մարդկանց գոնե այլ տեղերից հողատարածքներ տրամադրենք կամ այլ լուծում գտնենք»,–ասում է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի ներկայացուցիչ Արայիկ Պետրոսյանը։
Կոռնիձորցիները դաշտավարությամբ սկսում են զբաղվել սեպտեմբերից։ Նրանցից որոշներն են հասցրել մինչև պատերազմն ավարտել աշնանացանը։ Այս տարի մոտ 20 հա էլ գարնանացան են արել։ Այս թիվը նույնպես նվազել է։
«Հակառակորդի պոստերից մեր վարելահողերը դիտարկելի են։ Մարդն իր դաշտում հանգիստ չի կարա աշխատի, վտանգավոր է։ Անորոշ վիճակ ա, սպասենք, տեսնենք ինչ ա լինում»,– մտահոգվում է Ա․ Պետրոսյանը։
Գրիգոր Ղահրամանյանի երեք հա վարելահողը սահմանագծից մոտ 500 մետր հեռավորության վրա է գտնվում։ Նա նշում է, որ գարնանացանի ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել, բայց մտավախություն ունի, որ բերքը չի հասցնի հավաքել։


«Գումար եմ ներդրել, 3 հա ցանել, բայց եմ կասկածում, որ կհնձնենք։ Հակառակորդին անցած տարածքներում ադրբեջանցիները անասուն չեն պահում, էդ խոտը հասնելու ա 1-2 մետր, մեկը վառելու ա, որի դեմն առնել հնարավոր չի լինելու»,–նշում է Գրիգորը․ «Երեք երեխա ունեմ և ընդամենը 35 հազար նպաստ ենք ստանում, ինչո՞վ պահեմ․ չէի կարող ռիսկի չդիմեի»,–ասում է նա։


Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է, ու չնայած հնարավոր վտանգին, մարդիկ շարունակում են հողատարածքները մշակել։ «Մարդիկ այլ զբաղմունք չունեն»,–մտահոգվում է Վաղինակ Արզումանյանը։

Պատերազմից հետո գյուղից գրեթե ոչ ոք դուրս չի եկել․ միայն թե հոգսերը գնալով շատանում են, ապրելու միջոց գտնելը՝ դժվարանում։

Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի


Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Made on
Tilda