Պատերազմը թիկունքում


շարունակվում է

Սյունիքի Տեղ համայնքում ապաստանած արցախցիների թիվը վերջին մեկ ամսում անփոփոխ է․ հունվարի 20-ի դրությամբ, տարբեր բնակավայրերում 163 ընտանիք է ապրում, որոնք Արցախ վերադառնալու կամ այլ տեղ տեղափոխվելու այլընտրանք չունեն։ Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստան տեղափոխված այս ընտանիքները հիմնականում այն շրջաններից են, որոնք հրադադարից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։


Հին Թաղերից Տեղ են բերել նաեւ իրենց շանը
Հադրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Հին Թաղերը հրադադարից հետո շարունակում էր մնալ հայկական վերահսկողության ներքո, սակայն դեկտեմբերի 14-ին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն էլ հանձնվեցին Ադրբեջանին։

«Հրադադարից հետո մեր գյուղը հայերի ձեռքին էր, ու արդեն հոգեբանորեն պատրաստ էինք վերադառնալ այնտեղ, եթե գյուղում սահմանապահներ լինեին, բայց այդ հույսն էլ կորցրինք»,- ասում է Փառանձեմ Համբարձումյանը։

Հրետակոծության, անընդհատ միացող օդային ազդանշանի ձայները, պատերազմի օրերին ստիպեցին տիկին Փառանձեմին՝ աղջիկների հետ, լքել գյուղը։

«Մեր գյուղը շատ ա կտրված, ու եթե հրետակոծություն սկսվեր, հնարավոր չէր լինի դուրս գալ գյուղից։ Այնքան վախեցած էինք, որ հասցրել ենք միայն փաստաթղթերով պայուսակը վերցնել հետներս․ մտածում էինք ապրիլյան պատերազմի նման մի քանի օր կտևի, ու կվերադառնանք տուն»,- ասում է կինը։



Փառանձեմ Համբարձումյանն, իր երկու աղջիկների հետ, սեպտեմբերի 28-ից հյուրընկալվել է ամուսնու քրոջ տանը Տեղում։ Հրադադարից հետո նրանց են միացել նաև ամուսինն ու որդին։ Նրանցից բացի, ևս երկու ընտանիք է ապաստանել նույն բնակարանում։

Տիկին Փառանձեմը Հին Թաղերի բուժկետի վարիչն էր, ամուսինը՝ շտապ օգնության վարորդը և մինչ հրադադար աշխատում էր։

Արցախցիների աջակցությունը պարբերական բնույթ է կրում

Ընտանիքը գնալու տեղ չունի․ հրադադարից հետո մեկնել են Ստեփանակերտ՝ տուն վարձակալելու նպատակով, սակայն չի հաջողվել և վերադարձել են Տեղ։ Տիկին Փառանձեմը նշում է, որ հնարավորության դեպքում Երևան կտեղափոխվեն։

«Տեղում էլ կմնայինք, բայց պատերազմի հետևանքով այս բնակավայրի՝ սահմանամերձ դառնալու փաստը էլի հետ է պահում մեզ այդ մտքից»,- ասում է նա։

Պատերազմի սկզբից էլ դեպի Տեղ համայնք արցախցիների մեծ հոսք կար, քանի որ այն Հայաստան մտնող ճանապարհի ամենամոտ բնակավայրերից է։ Ժամանակավորապես տեղահանվածներին այստեղ հիմնականում հյուրընկալել են բնակիչները։ Վերջին չորս ամիսներին Տեղ համայնքում ապաստանել է, ընդհանուր առմամբ,

295 ընտանիք կամ շուրջ 900 մարդ։

Համբարձումյաններին հյուրընկալած տանն այժմ ապրում է 18 մարդ
Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակչուհի Մելինե Ալեքսանյանը սեպտեմբերի 31-ից է Տեղ գյուղում։ Այստեղ ծնվել է նրա 6-րդ երեխան։ Սկզբում բնակվում էր բարեկամի տանը, հիմա՝ նախակրթարանի շենքում։
30-ամյա մայրն անորոշության մեջ է․ գնալու տեղ չունի, նաև մտածում է, որ վաղ թե ուշ նախակրթարանը նորից կվերաբացվի համայնքի երեխաների համար, ու ընտանիքը կզրկվի ներկայիս կացարանից։ Մինչ այժմ նրանց կարիքները հոգում է համայնքային իշխանությունը։
Տեղի համայնքային իշխանության աշխատակազմի սոցիալական աշխատող Անժելա Տեր-Գրիգորյանի խոսքով՝ Տեղ համայնքում հյուընկալած ոչ մի ընտանիք դրսում չի մնա։

«Համայնքային իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են՝ հոգալու նրանց ամեն մի խնդիր, իսկ նախակրթարանում բնակվող Մելինե Ալեքսանյանի ընտանիքը կտեղափոխվի նախակրթարանի մյուս մասնաճյուղ, որտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Ավելին՝ փորձում ենք միջոցներ գտնել այն վերանորոգելու համար»,- ասում է Տեր-Գրիգորյանը։

Անժելան նաև նշում է, որ արցախցիների հետ հանդիպումներ են եղել ինչպես համայնքապետարանում, այնպես էլ հյուրընկալած ընտանիքներում, որի ընթացքում գնահատվել է նրանց կարիքները։ Տեղահանվածներից շատերը սոցիալապես անապահով են, ոչինչ չէին հասցրել վերցնել իրենց հետ, կորցրել են ողջ ապրուստը, ինչի պատճառով նաև հոգեբանական ծանր վիճակում են։
Արցախցիներն աջակցություն են ստանում՝ ըստ իրանց կարիքների

«Համայնքային բյուջեի, տեղական և միջազգային կազմակեպությունների, բարերարների, ինչպես նաև՝ Կառավարության աջակցությամբ պատերազմի ընթացքում ու մինչև հիմա հոգում ենք արցախցիների կարիքները։ Կարիքները տարբեր են․ սնունդ, տաք հագուստ, անկողնային պարագաներ, մահճակալներ, հիգիենայի պարագաներ և այլն։ Նրանցից ոմանց հետ նաև հոգեբաններն են աշխատում»։
«Մարզպետարանի և ՏԻՄ-երի համագործակցությունը պատերազմի օրերին եղել է մաքսիմալ։ Եվ որքան հնարավոր է եղել և՛ մարզպետարանը, և՛ ՏԻՄ-ը փորձել են ապահովել թիկունքը։ Աջակցությունը հիմնականում ժամանակավոր տարհանվածների սննդի ապահովումն էր»,- ասում է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։

Պետությունը մարզպետարաններին գումար է տրամադրել, մարզպետարանն էլ, համայնքներից ճշտելով տեղահանվածների թիվը, տրամադրում է անհրաժեշտ սնունդ։

Նարեկ Բաբայան
Սյունիքի մարզպետի տեղակալ
Արցախից ժամանած ընտանիքները փորձում են շարունակել իրենց կյանքը նոր իրավիճակում ու հարվարվել նոր պայմաններին։ Ինչպես Մելինեի երկու երեխաները, այնպես էլ մյուսները, սկսել են սովորել Տեղի դպրոցներում։

Շարունակում է խնդիր մնալ զբաղվածությունը․ այս ընտանիքների միակ եկամուտը մնում է մասնավոր և համայնքային իշխանության կողմից տրամադրվող աջակցությունը։
Տեղ գյուղի դեպի դպրոց տանող ճանապարհը

Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website