Պատերազմի ծանր բեռը`
Տեղական ինքնակառավարման մարմինների ուսերին

Արցախյան 44-օրյա պատերազմով և Հայաստանում հաստատված ռազմական դրությամբ պայմանավորված` տեղական ինքնակառավարման մարմինների/ ՏԻՄ/ բուն գործունեությունը, այսպես ասած, խաթարվել էր․ համայնքային իշխանությունները, անտեսելով իրենց հիմնական պարտականությունները, սկսել էին զբաղվել պատերազմական իրավիճակում ծագած խնդրով՝ Արցախից ժամանակավոր տեղահանվածների կարիքները հոգալուց մինչև ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումն ու համայնքի պաշտպանությունը։


ՏԻՄ օրենքի հոդված 40-ն է սահմանում համայնքի ղեկավարի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում, ըստ որի՝ համայնքի ղեկավարը հիմնականում կազմակերպական աշխատանքներն է իրականացնում։

--------------------------------------------------------------------------------------

ՏԻՄ-երի լիազորությունները սահմանված են նաև ՀՀ պաշտպանության մասին օրենքի 12-րդ հոդվածով, սակայն, ըստ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի, գործնականում այդ պլանով առաջնորդվելու դեպքում մի շարք խնդիրներ են առաջանում։

Այս պատերազմը ցույց տվեց Սյունիքի մարզի, մասնավորապես, Գորիս համայնքի կարևոր դերակատարությունը թիկունքում իրականացվելիք աշխատանքներում։ Միայն Գորիսում ապաստանել էր ավելի քան 10 հազար արցախցի, որոնց սննդի, կեցության և հագուստի ապահովումը իրականացվում էր ՏԻՄ-ի միջոցով։ Ի դեպ, նրանց մի մասը, ովքեր կորցնել են իրենց տները, դեռ շարունակում են մնալ Գորիսում։ Պատերազմական օրերին Գորիսի ՏԻՄ-ն էր կազմակերպում նաև սահմանագծի որոշ հատվածներ սնունդ, անհրաժեշտ իրեր հասցնելը, ինչպես նաև՝ դիերի տեղափոխումը։

Այս գործընթացին մասնակցում էր Գորիսի համայնքային իշխանությունն՝ իր ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների աշխատակիցներով, որի պատճառով ՏԻՄ-ի հիմնական գործառույթների իրականացումը որոշակիորեն հետ էր ընկնում։

«Գիշեր-ցերեկ աշխատում էր ամբողջ աշխատակազմն ու փորձում էինք հասցնել, ինչքան էլ բարդ էր, դժվար։ Այդ ընթացքում, եթե առաջնահերթ հարցեր էին ծուգում, կազմակերպում էինք, բայց բնակիչները գրեթե չէին դիմում որևէ խնդրով, որովհետև բոլորի համար առաջնահերթը պատերազմի հետ կապված խնդիրների լուծումն էր։ Դրան զուգահեռ համայնքապետարանի աշխատակազմը մասնակցում էր ուսահմանների պաշտպանությանը․ հերթափոխով դիրքեր էին մեկնում։ Հիմա մեր հիմնական գործը սահմանագիծն է, սահմանների պաշտպանությունը»,-ասում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մ․ Հովսեփյանը։

Այս իրավիճակում խաթարվել էր նաև ավագանու գործունեությունը. Գորիսում ավագանու նիստ չի գումարվել, չնայած որ նույն ՏԻՄ օրենքով, ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ։ Պատճառն այն է, որ նրանցից ոմանք մասնակցում էին սահմանների պաշտպանությանը։

Տաթև համայնքում նոյեմբերին կայացել է մեկ արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու հարցը՝ ստեղծված իրավիճակում մի շարք խնդիրներ լուծելու համար։

Թե ինչպես է իրականացվել աշխատակազմի աշխատանքը ռազմական դրության պայմաններում, Տաթև համայնքային իշխանության աշխատակազմի ֆինանսիստ Մարատ Գերասիմյանը պատասխանեց․

-Ստեղծված դրությունը համապետական էր, և կառավարության, նախարարությունների, գերատեսչությունների կողմից փաստաթղթաշրջանառությունը պակասել էր․ պահ կար, որ նույնիսկ զրոյացել էր։ Բնակիչներն էլ էին քիչ դիմում։
Հրադադարից հետո մարդիկ փորձում են անցնել բնականոն կյանքի, և արդեն դիմումները ավելանում են․ նաև աշխատակազմն է ավելի ծանրաբեռնված աշխատում։

Մարատ Գերասիմյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը, որն առաջացել է արտակարգ և պատերազմական իրավիճակի հետևանքով, հողի հարկի հավաքագրումն է․ 2020թ․ Տաթևում հավաքագրվել է նախատեսվածի 65 %-ը։

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանի խոսքով՝ պատերազմական դրության պպայմաններում համայնքի ղեկավարների ուսերին մեծ պատասխանատվություն էր դրված, ինչն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր։


Նարեկ Բաբայան
Սյունիքի մարզպետի տեղակալ



Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նշում է, որ իրավիճակից ելնելով է հասունացել այն պահը, որ այդքան մեծ պատասխանատվություն է դրվել համայնքների ուսերին։ «Ստեղծված իրավիճակը տարել է նրան, որ պատասխանատվությունը իրականում մնացել է համայնքների ուսերին»,- նշում է մարզպետի տեղակալը։

Հաշվի առնելով Հայաստանում մի շարք մարզերի սահմանային դառնալու կարգավիճակը և արդեն առկա ծանր աշխատանքի փորձը, նշված խնդիրները պետք է կանոնակարգվեն՝ հետագայում նման իրավիճակներում հայտնվելու դեպքում ՏԻՄ-երի գործունեությունը համակարգված կազմակերպելու համար։

Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
Made on
Tilda