Պատերազմի հարվածները

Ներքին Խնձորեսկին

Թշնամին ընդամենը 5 կմ հեռավորության վրա է.

գյուղացին ծանր դրության մեջ է հայտնվել։

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղական բնակավայրը, որը շուրջ 36 տնտեսություն ունի, ղարաբաղյան 44 օրյա պատերազմից «անմասն» չմնաց.
գյուղը դարձավ սահմանամերձ։
Պատերազմի ընթացքում պարբերաբար հրետակոծվում էր ողջ սահմանը, իսկ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի վերաբերյալ հայտարարության ստորագրման օրը,
հրետակոծվեց նաև բուն խաղաղ բնակավայրը։
«Հեծանիվս նստել ու գյուղով պտտվել եմ, որ տեսնեմ՝ ինչ եղավ մեր գյուղին։ Էս օրերին էնքան եմ լսել կրակոցի ձեները, որ արդեն հարմարվել եմ, էլ չեմ վախում»,- ասում է 11-ամյա Արան։

11 հարված հենց գյուղի մեջ։ «Մեկը մեր այգին ա ընկել, մյուսը՝ գյուղապետարանի մոտ, երրորդը՝ գերեզմանոցում․․․»,- թվարկելով՝ հարվածները հաշվում է Արան։ Տեղերն Արան անձամբ է տեսել։ Տղան հիմա կանգնած է այն թափքի կողքին, որի շնորհիվ պաշտպանվել է իրենց տունը․ միայն պատուհաններն են ջարդվել։

Հրետակոծության հետևանքով մի ամբողջ փողոցի տների պատուհաններ ջարդվել են։ Լաուրա Դինգիզյանի տունը հրետակոծության է ենթարկվել նաև 90-ականներին։ Դեռ նախորդ պատերազմի հետքերը չվերականգնած, նորից հարվածի տակ ընկան։


Բայց երկու զինվորական որդիների մայրն ամուր կագնած է իր հողին։


Հակառակորդը կրկնակի հարված հասցրեց նաև գերի ընկած 30-ամյա Նարեկ Սարդարյանի ընտանիքին։ Նարեկի մայրը՝ Լուսիկ Սարդարյանը պատմում է, որ ջարդվել են Նարեկի սենյակի, ինչպես նաև տան մյուս պատուհանները։
Շուրջ 130 բնակիչ ունեցող Ներքին Խնձորեսկում ոչ մի բնակիչ չի լքել գյուղը․ որոշ ընտանիքներ անգամ հյուրընկալել են Արցախից ժամանակավոր տեղահանվածներին։ Խնձորեսկցիները բանակին ամուր թիկունք են․ հրետակոծության ձայների տակ ամեն օր թոնիր էին վառում ու զինվորներին տաք լավաշ հյուրասիրում։
Պատերազմը ծանր դրության մեջ է դրել գյուղացիներին։ Խնձորեսկցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է․ 44-օրյա արհավիրքի հետևանքով նրանցից շատերը կորցրել են իրենց դաշտերն ու արոտավայրերը։
Ձմեռվա շեմին գյուղացիները չունեն անասուններ պահելու ո՛չ տարածք, ո՛չ կեր։
Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի վարչական շրջանի ներկայացուցիչ Երվանդ Մալունցի մտավախությունը միայն այն է, որ հանկարծ «մի մետր հետնահանջ չլինի», հակառակ դեպքում բնակիչները կլքեն իրենց տները։

«Սահման գծողները շատ ուշադիր պիտի լինեն, այլևս հող չունենք տալու»,- ասում է Մալունցը։
Made on
Tilda