Մեր քաղաքի վավերագրողը

Ռուդիկ Խոջաբաղյանը Գորիսի, նրա գյուղերի պատմությունն է վավերագրել, որը պատմագիտական արժեք ունի։ Այն կարող է վիճարկելի շատ հարցերի ապացույց լինել։

«Գորիս-Լաչին ճանապարհի բացումը», «Հրետակոծություններ Խնձորեսկ գյուղում», «Գորիսի 88թ․-ի ջրհեղեղը», «97թ․-ի հրդեհ Գորիսում» ․․․ այս և մի շարք այլ հուշող վերնագրեր կարելի է կարդալ Գորիսի պատմությունը վավերագրող Ռուդիկ Խոջաբաղյանի կամ ինչպես շատերին է հայտնի Ուձոյի «խորհրդավոր» ճամպրուկներում տեղավորված տեսաերիզների տուփերի վրա։ Այդ ճամպրուկներում Գորիսի և հարակից շրջանների մոտ 60 տարվա պատմությունն է պահպանվում, որը նրա նկարահանումների ընդամենը տասը տոկոսն է կազմում։
Ժամանակակիցները պատմում են, որ բարձրահասակ այս տղամարդուն հաճախ կարելի էր տեսնել տարբեր իրադարձությունների կիզակետում, տեսախցիկն ուսին հենած՝ քաղաքի պատմությունը կերտելիս։ Ասում է, որ եթե անգամ որևէ հարսանիք կամ ընտանեկան միջոցառում էր նկարահանում, այդ դեպքում ևս պատմական որևէ կարևոր իրադարձության մասին էր հիշեցնում իր տեսաերիզում․«դա դաստիարակչական նշանակություն ուներ»։
Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է, բայց ամբողջ կյանքում «հավատարիմ» է մնացել իր սիրելի գործին՝ ժապավենին հանձնել մարդկանց, բնությունն ու քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները։

-Ես հասկանում էի, որ դա մեր ազգի, մեր քաղաքի պատմությունն է, մեր քաղաքը բնորոշող իրադարձությունները, մարդիկ․․․ Գիտակցում էի դրա իմաստն ու կարևորությունը։ Հիմա չենք գնահատում, բայց մի օր դրա արժեքը կզգանք։
77-ամյա վավերագրողը դեռևս 14 տարեկանից, ծննդյան օրվա առիթով հորից նվեր ստացած լուսանկարչական ապարատով, իսկ 16-ից սկսել է տեսանկարահանման իր առաջին քայլերը։ Առաջինն «Ավրորա» անունով լարովի տեսախցիկն էր, որով հնարավոր էր ընդամենն 3 րոպե նկարել։
-Փոքր տարիքից հնություններով եմ հետաքրքրվել։ Քարանձավներ էի մտնում, ժայռապատկերներն ուսումնասիրում, գրություններ կարդում եկեղեցիների վրա։ Հետո դրանք նկարում էի, հավաքածու կազմում։ Սերը չգիտեմ ինչից է առաջացել։ Միգուցե իմ կարդացած գրքերն էին մեղավոր․ Լեո, Ռաֆֆի էի կարդում ու էդ ամբողջ բովանդակությունը, մեր ազգի պատմությունը սրտիս շատ մոտ էի ընդունում, ավելի կապվում մեր պատմությանը,- պատմում է նա։


Հուշում է, որ սենյակը, որտեղ զրուցում էինք, ժամանակին վերածվել էր թանգարանի․ «մի կողմից էդ հնությունները սարերից հավաքում բերում էի, մյուս կողմից՝ օղորմածիք մայրս թափում էր»,- ջերմ հիշողությունները վերապրելով պատմում է գորիսեցին։

Ուձոյի կացարանը Գորիսի շատ տների նման երկհարկանի առաձնատուն է, սակայն ինքը բնակվում է իր տան ներքնահարկի ոչ այնքան հարմարավետ պայմաններով սենյակում․ այն նույն տեղում, որը ժամանակին վերածվել էր հնությունների թանգարանի, իսկ հիմա իր տեսաերիզների պահպանման տեղն է։

«Այստեղ իմ հիշողություններն են, որոնք ես պիտի պահպանեմ այնքան, որքան կարող եմ։ Այս սենյակով ես ապրում եմ»,- ասում է նա ու փայտ ավելացնում վառարանում, ասելով, որր ժապավենները պետք է կայուն ջերմությամբ պահվեն։ Չգիտի, թե ինչ ճակատագրի կարժանան իր գորիսյան պատումները, բայց պահպանում է քանի կարող է։ «Ուզում ենք զբոսաշրջություն զարգացնենք, բայց մի թանգարան չունենք, որը կներկայացնի Գորիսն ու գորիսեցիներին․ սա մի ամբողջ թանգարանի հավաքածու է, բայց դեռևս քչերի ուշադրությանն է արժանացել»,- մտահոգվում է նա։ Ասում է՝ երբեմն գորիսեցիներն են գալիս իրենց պատմության երևից՝ հիշելով, որ Ուձոն նկարել է այս կամ այն միջոցառումը։
Այս սենյակ մտնելիս ամբողջովին պատկերացնում ես Ռ․ Խոջաբաղյանի կերպարն ու նախասիրությունները․ սեղանին՝ գրքեր, պահարանի վրա՝ տեսախցիկները, պատից կախված կիթառ, վառարանում մի քանի կարտոֆիլ խորովելիս, իսկ հենց իր մահճակալի կողքին «60 տարվա լուռ պատմությունը»։ Ինչպես ինքն է ասում, երաժշտությունը, բնությունն ու նկարահանումներն իրար հետ փոխկապակցված են, որի ապացույցները նրա լուսանկարներն են։ «Բնության գրկում, գետի ափին երկու ձուկ ես բռնում, մի բաժակ էլ խմում, քեզնից անկախ նվագելդ գալիս ա։ Նկարահանումներն էլ որպես հիշատակ․ որտեղ գնացել, նկարել եմ անպայման»,- ջահել օրերը հիշելով՝ վառարանից հանված կարտոֆիլներն է մեզ հյուրասիրում։
Գործընկերոջս եռոտանի, մի քանի մետր բարձրության շտատիվը տեսնելով, հիշում է, թե ինչպես է իր մասնագիտական հմտություններն օգտագործել սիրելի գործին հավելյալ արժեք տալու համար․ այնպիսի մի շտատիվ էր ստեղծել, որ առանց մարդու միջամտության, սահուն «պանորամա» էր նկարում, բայց ինչպես ինքն է ասում՝ «իր շտատիվն իր ուսն էր»։

Նրա հիշողություններում ծանր փորձություններ շատ են եղել։ Հիշում է, թե ինչպես են 1988թ․ ազգային-ազատագրական շարժման օրերին միտինգներ նկարելիս մի քանի անգամ փորձել ջարդել տեսախցիկը։ Անգամ նման դեպքերում նա երբևէ չի զղջացել իր քայլերի համար։ «Եթե այդ օրերի մասին տեսագրություններ չանեինք, մեր պատմության մի կարևոր շրջան անհետ կկորեր։ Քանի հազար տարի չէր եղել նման բան մեր պատմության մեջ, և դա պիտի նկարվեր»,- վստահեցնում է նա։
Նոր տեխնոլոգիաների, հին ու ներկայիս իրավիճակի մասին խոսելիս նշում է, որ այժմյան հնարավորություններն ու առավելությունները շատ են․ օրինակ, հիմա կարող ես օպերատիվ ու անվերջ նկարահանել, բայց այն ժամանակ 3 ժամանոց ժապավենը մի քանի միջոցառման համար էին օգտագործում:
 «Շռայլություն էր դիտվում մի ամբողջ կասետ նկարելը։ Ախր էնքան դժվար էր էդ ժապավենը ձեռք բերել․ եռակի անգամ վճարում էի, որ վերջնական տեսանյութը ձեռքիս տակ լիներ․ Մոսկվայից մետրերով ժապավեն էի պատվիրում, փոստով հասնում էր Գորիս, նկարում էի, հետ ուղարկում, որ պրայավկա անեն (հայտածեն) ու նորից ինձ ուղարկեն»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ իր ձեռքի տակ եղած ժապավենները շատ ավելի երկար տարիներ կպահպանվեն, քան ներկայիս հիշողության սարքերը։

«Միգուցե հիմա ժապավենով նկարելը պրիմիտիվ է թվում, երբեմն շատերի համար նույնիսկ ծիծաղելի, բայց երբ մի ամբողջ կյանք է ներառում էդ ամենն իր մեջ, ես ոչինչի հետ չեմ փոխի»,-ասում է Ռուդիկը։
Տեխնիկայի ու ներկայիս հնարավորությունների մասին խոսելիս վարվերագրողը կարծես փորձում է նաև դրանց հակափաստարկները բերել․ հիմա մանիպուլացիան շատ է մոնտաժի, փոփոխելու, ջնջելու շնորհիվ, իսկ նախկինում ցանկացած նկարված իրադարձություն՝ արդեն պատմություն էր․ կեղծելը շատ դժվար։ «Հա, հատուկ հարմարություն կար, որի վրա դրվում էր ժապավենը, էդ հատվածը կտրում հանում էինք ու սոսնձով կպցնում, բայց դա մի դժվար ու անտանելի պրոցես էր»,- նշում է նա։
Ափսոսում է, որ հնարավորություն չունի դասակարգելու իր արխիվը․ «պաշտոնական նկարահանումները մի կողմում շարեի, ընտանեկանները՝ մեկ այլ, քաղաքին վերաբերող նյութերն՝ առանձին։ Այ, նոր տեխնոլոգիաները դրանով են առավել»,- հին ու նորի կռվում մինչև վերջ չհանձնվելով ասում է մեր քաղաքի վավերագրողը։ Նա նաև մտահոգ է, թե ում է հանձնելու իր վավերագրությունը, որը, մանավանդ այսօր, պատմական արժեք ունի։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:


© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան 
օպերատոր՝ Նորայր Դանիելյան
Made on
Tilda