«Մեզ միայն պաշտպան է պետք». կոռնիձորցիներն ինքնակազմակերպվում են
«Ծնվել ենք այստեղ ու ապրելու ենք այստեղ,
ոչ մի տեղ չենք գնալու»։

Ամեն պահ գյուղում կարող է վտանգավոր վիճակ ստեղծվել, բայց բնակիչները հնարավորն անում են իրավիճակը կայուն պահելու համար։ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի՝ Ադրեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրն այժմ արդեն շուրջ 18 կմ սահման ունի Ադրբեջանի հետ։

Քարտեզի վրա սև գծով տարանջատվածը ՀՀ սահմանի հատվածն է, որտեղ երևում է, թե ինչպես է Կոռնիձորը երեք կողմից հայտնվել ադրբեջանական սահմանագծում:


Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց գյուղում ստեղծված նոր իրողությունների մասին խոսելով՝ Վրեժ Կարապետյանը հիշում է, որ դեռևս առաջին պատերազմից անձամբ զգացել է արհավիրքի ողջ ծավալը։
«7 տարեկան երեխա էի․ ինձ ու պապիս գերի էին վերցրել և պահեցին այնքան, մինչև իրենց պահանջած թուրք գերուն գտան ու փոխանակեցին։ 7 օր մնացինք ադրբեջանական գյուղում»,- պատմում է Վրեժը։ Հոկտեմբերի 15-ից կամավորագրվել է և համագյուղացիների հետ Կոռնիձորի սահմանն է պահում՝ Հայաստանի սահմանի իր բաժինը։
Ամեն օր 70-80 տղամարդ դուրս է գալիս գյուղի սահմանների պաշտպանությանը։

«Բանակը ծանր վիճակում է, ՄՈԲ-ը պետք է օգնի մինչև իրավիճակը կայունանա»,- ասում է կոռնիձորցի Անդրանիկ Հայրապետյանը։

Ասում է՝ միշտ է կամավորական եղել, 90-ականներին վիրավորվել է, հիմա էլ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններում։
Կոռնիձորի ջոկատը միշտ է աչքի ընկել իր մղած մարտերով ու հաջողություններով բոլոր երեք՝ 90-ականների, քառօրյա ու ներկայիս պատերազմներում։ Բայց այս պատերազմը, գյուղացիների խոսքով, դեռ չի ավարտվել, դեռ լսելու ենք այն ամենի մասին, ինչ եղել է տարիներ շարունակ։

Գյուղացիներից շատերը, ինչպես Ալվարդ Առաքելյանը, կորցրել են ընտանիքի միակ եկամտի աղբյուրը։ Նրա պտղատու այգին այլևս չկա, բայց ոչ թե այգին կորցնելուց է սրտնեղում, այլ որ կոռնիձորցիների ամենօրյա անդորրն է խաթարվել։

«Պատերազմը դեռ չի ավարտվել․ վտանգն ամեն պահ կա։ Ափսոս, մեր գյուղը լավ գյուղ ա, մեծերը էլի կմնան, բայց երիտասարդների համար էստեղ ապագա չկա...»,- կարծում է տիկին Ալվարդը։
Կնքված համաձայնագրով կոռնիձորցիները կորցրել են ցանքս արված վարելահողեր, ինչպես նաև՝ արոտավայրեր։
«Սա է մեր իրականությունը, սա են որոշել․․․ Ուզենք, թե չուզենք, պետք է մտածենք, որ յուրաքանչյուր ծանր իրավիճակից ելքեր կան․ աշխարհի մի շարք պետություններ ամենածանր վիճակից թռիչքաձև զարգացել են, ինչո՞ւ չօգտագործենք այս իրավիճակը»,- ասում են գյուղացիները։


Դիմացի սարերն այլևս իրենցը չէ, ցավով են ասում, բայց գյուղը լքելու մասին չեն մտածում։ Գյուղը շուրջ 1050 բնակիչ ունի։ 18-65 տարեկան տղամարդիկ սահմանն են պահում, կանայք՝ թիկունքը։ Եթե տանը 4 տղամարդ կա, 4-ն էլ հերթափոխով սահման են գնում։

«Մեր բախտը սա է․ երկու մուսուլման պետությունների արանքում ենք։ Ուրեմն մեր դեռ չծնված երեխան, անկախ նրանից՝ տղա է, թե աղջիկ, պետք է տիրապետի զենքին, պետք է զինվոր մեծանա»,- նշում է Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի նախկին գյուղապետ Արկադյա Խաչատրյանը։ Նրա նախաձեռնությամբ, ավագ դասարանի տղաները գնում են կրակել սովորելու։

«Եթե 3 միլիոնով կարողանում ենք դուրս գալ 90 միլիոն թուրքի և 10 միլիոն ադրբեջանցու դեմ ու կարողանում ենք մեր սահմաններն անառիկ պահել ու Արցախում շատ քիչ տարածքներ զիջել, ուրեմն չենք պարտվել։ Թուրքը մեզ չի հաղթել․ մենք Աղդամն առանց կռվի տվեցինք, Քարվաճառն ու Լաչինն առանց կռվի տվեցինք․ սա մեր դիվանագիտության պարտությունն էր և ոչ թե մեր բանակի։ Մենք դեռ հաղթանակներ շատ ենք ունենալու․ ունենք գիտական բարձր պոտենցյալ ու մեր խելքով կհաղթենք։ Պարզապես պետք է մեր մեջ ուժ գտնենք, հաղթահարենք այս դժվարին պահերն ու առաջ շարժվենք»,- վստահեցնում է Ա․ Խաչատրյանը։



Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
Made on
Tilda