Նրանց տան տեղը Խնձորեսկում ոչ ոք չի հարցնում։ Բոլորը գիտեն․գյուղ մտար, թե՝ չէ, ձախ ես նայում, երկհարկանի շենք է, դարպասի մոտ միշտ մի քանի մեքենա։ Իրենցը չեն, այլ հյուրերինը, ովքեր հաճախ են լինում Թունունց հարկի տակ։ Տանը չհասած, հեռվից լսվում է նրա բամբ ձայնը, քիչ էլ մոտեցար՝ բաց պատշգամբում կերևա բարձրահասակ տղամարդու գանգրահեր գլուխը։


 Չի համբերի, որ աստիճաններով վեր բարձրանաս, անպայման կիջնի, դեռ մուտքի մոտ կդիմավորի ու հանդիմանանքի մի քանի խոսք էլ չի խնայի․ «Ա~ եկ է՜, ե՜կ, տեսնամ հինչ կա»։ Կհարցնի, բայց ինքն իրեն էլ կշարունակի, քեզանից լավ քո մասին կպատմի, չլսած պատասխանը կմեկնաբանի, կհասցնի խորհուրդ տալ ու հենց հասար սեղանի մոտ, տանեցիքին ձեն կտա՝ «Դե՝ պերա՛ք, պերա՛ք, տեսնամ հինչ եք տինում սեղանին»։


Գյուղում ասում են, որ հազվադեպ մարդիկ չեն հյուրընկալվել նրա հարկի տակ, բայց ինքը տարբեր առիթներով բոլորի տանն անպայման եղել է՝ ուրախության, տխրության օրերի, նաև առանց առիթի, որովհետև, ինչպես ինքն է ասում, գյուղում ինքն այնքան տուն ունի, որքան կա։ Եվ ըստ նրա, գուցե դա է եղել պատճառը, որ երբեք հարստության, կահ կարասու, հանդերձանքի պահանջ չի ունեցել, որովհետև սիրտը միշտ լիքն է եղել մարդկանց ունեցածով, նրանց նկատմամբ փայփայած սիրով։
«Իմ ամենամեծ վայելքը, նվաճումը իմ գյուղի հանրության հարգանքն է իմ նկատմամբ»,- հպարտությունը չի թաքցնում ու համարյա կիսաձայն շարունակում է, թե ինքն էլ է դողում գյուղի ամեն անկյան, ամեն մարդու համար։
Նրան հաճախ կարելի է տեսնել իրենց տնից մեծ-մեծ քայլերով, արմունկից ծալած ու ամեն հանդիպող մարդու համար ասես բարևելու պատրաստ աջ ձեռքը օդում քայլող այս մարդուն։
Դեպի Տախտի հող, տիերի խանութ, անգամ գյուղի մյուս ծայրը հասնող Մալատիլկան կքայլի, հարցուփորձ կանի ամեն հանդիպողին, ու միշտ տպավորություն է, որ նա բարձր տրամադրություն է բաժանում մարդկանց։ Էդպես է եղել նաև գյուղի ուրախություններին, հարսանիքներին․սկզբում մի քանի կենացից հետո նախաձեռնությունն արդեն իր ձեռքն է վերցրել, հետո արդեն էլ ոչ մեկը կասկածի տակ չի առել, որ իրենց ուրախության սեղանը պիտի Յուրիկը վարի։ Տխուր առիթներին էլ․ իր խռպոտ ձայնով ասես համբերության կոչ է հնչեցնում․․․

Միայն գյուղում չէ․ Գորիս գնա, թե չէ, շատ հաճախ ընկերները լուրջ նեղանում են, երբ Յուրիկն այլընտրանք չի ունենում որոշելու, թե ում հրավերքն ընդունի։
Շատ է հպարտանում ապրած կյանքով, սիրով ու կարոտով պատմում, թե ինչպես է շատ տարիներ առաջ Խնձորեսկում հիմնադրել թատերական խումբ, և պահպանողական ավանդույթներով ապրող գյուղում ոնց է համոզել, որ նաև երիտասարդ կանայք են ներգրավվել բեմադրություններում։ Ինքն էլ հանդես է եկել երաժշտական կենդանի կատարումներով։ Հիմա էլ չեմուչում չի անում, Սայաթ Նովա է երգում, չմոռանալով «արդարանալ», որ խզվել է ձայնը։

Հետո հիշում է, որ երբ տարիներ առաջ ընդունվել է մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, տեսնելով, անունը ընդունվածների ցուցակի առաջին համարում, ուրախությունից այնպես է բացականչել, որ ինստիտուտի ամբողջ աշխատակազմը միջանցք է դուրս եկել։ Հետո իբր մեղմացնելու համար տարիներ առաջվա արարքն ասում է, թե արդեն չորրորդ անգամ էր ընդունելության քննություն հանձնում։
«Տնա՞զ ես տամ», երբ հարցնում եմ, թե չի եղե՞լ, երբ մեկին նեղացրել ես։ Դեմքի ժպիտը միանգամից սառում է, զգացում է, որ հազիվ է զայրութը զսպում, իսկ մի քանի րոպե անց, պատմում է, որ երբ պատմության ուսուցիչ էր աշխատում Խնձորեսկի դպրոցում, ավարտական դասարանի աղջիկներից մեկը գերազանց գնահատական չստանալու համար արտասվում է։ Ինքը չնկատելու է տալիս, բայց չի կարողանում մոռանալ աշակերտուհու արցունքները․ գիշերվա կեսին դպրոց է հասնում պահակին արթնացնում քնից, ուսուցչանոցից վերցնում դասամատյանը և փոխում գնահատականը։
Պատմում է, որ դպրոցում սիրահարվել է իր աշակերտուհուն, ու ուսումնական տարվա ավարտվելու օրն առաջարկություն արել։ «Գյուղական միջավայրում սա համարյա չլսված բան էր, բայց մարդիկ այնքան էին վստահում ինձ, որ ոչ ոք չկասկածեց իմ զգացմունքներին, տարեց մարդիկ նույնիսկ ասում էին՝ «մալադեց քեզ, արևդ կծեմ, Թունյան»։
Նա նաև շախմատի մեծ սիրահար է․ դասերից հետո գրեթե ամեն օր ուսուցիչներով շախմատ էին խաղում․ եղել են նաև դեպքեր, երբ հաղթանակ չգրանցելու դեպքում շախմատը հայտնվել է գետնին, խաղաքարերն էլ՝ սենյակի տարբեր անկյուններում։ «Համ տանում էի, համ ջղայնանում, բայց հենց «պատերազմն» ավարտվում էր, գնում էինք միասին հաղթանակը նշելու, անգամ պարտվողի նախաձեռնությամբ»,- քահ-քահ ծիծաղելով մտաբերում է նա։
Որքան էլ, որ ուրախությամբ է հիշում դպրոցում աշխատելու տարիները, միևնույն է, չի թաքցնում, որ դպրոցի զանգը, դասաժամի սահմանափակումն իրեն «խեղդում էին»։
«Դեռ մի օր չի եղել, որ ես ժամանակին հասնեմ դպրոց․ տնօրենը՝ ընկեր Ալավերդյանն ասում էր․ «եկավ, զանգը տվեք»։ Չէի կարողանում զանգի տակ աշխատել։ Չէի սիրում էլի, էդ զանգը չէի սիրում»,- ասում է նա և խոստովանում, որ միշտ երազել է անասնաբույժ դառնալ, որ «անընդհատ դրսերում լիներ, մարդկանց հետ շփվելու հնարավություն ու ժամանակ ունենար»։ Ու տեղափոխվում է արտադրություն՝ այն ժամանակվա խորհրդային տնտեսության արհմիության նախագահն էր, և նրան դուր էր գալիս հոգալ մարդկանց սոցիալական խնդիրները։

Ամենամեծ թուլությունը մանկությունն է, հին Խնձորեսկի հետ կապված հիշողությունները։ Հաճախ է խոսում Հին Խնձորեսկի մասին, որտեղ նա ծնվել է։ Հաճախ իջնում է գյուղի «Կալեր» կոչվող հանդամաս, որտեղից երևում է հին գյուղը։ «Քինում եմ մեր թաղերին թըմաշա անում, մին-մին էլ քշանում եմ Ակնան ճուր խմում», մեր հանդիպման ընթացքում առաջին անգամ նրա աչքերը տխրում են։
Ափսոսանքով է խոսում այն մասին, որ հիմա մարդիկ հեռացել են միմյանցից, որ ավելի շատ քննադատում են, քան իրար թև թիկունք կանգնում։ Նրա կարծիքով մարդիկ օտարացել են, հեռացել, ավելի եսակենտրոն են, ցավոք, միայն վշտի ժամանակ են ժամանակ գտնում միմյանց հետ շփվելու, խոսելու, կիսվելու․․․

Վերջին բառերն արտասանելիս գլուխը կտրուկ շրջում է, ու հազիվ լսելի ասում, որ այս պատերազմը խլեց մարդկանց ուրախությունը։ Հետո արդեն իրեն հատուկ բամբ ձայնով շարունակում է, որ ցավը պիտի մարդկանց մոտեցնի, որ իրար գլխի հավաքվեն ու ելք գտնեն, թե ոնց են անելու, որ թուրքի քթի տակ գտնվող հողերն անտեր չմնան։ Քննադատելով ու կատարվածով թևաթափ լինելով մահվան են գնում, բայց զոհերը հանուն ապրելու են եղել․․․
Մահից չի վախենում, ոչ միայն այն պատճառով, ինչպես ինքն է ասում, որ նաև գյուղի երիտասարդներից են նահատակվել պատերազմում, ու իրենց մատաղ կյանքը զոհաբերել նաև իր համար, այլ կյանքից կառչելն անօգուտ է․«տասը տարի կապրես, թե հարյուր, եթե էս աշխարհում գոնե մեկի նեղ օրվան կողքին չես եղել, ապրածդ փուչ ա»։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:


© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
խմբագիր՝ Սուսաննա Շահնազարյան
օպերատոր՝ Նորայր Դանիելյան
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
խմբագիր՝ Սուսաննա Շահնազարյան
օպերատոր՝ Նորայր Դանիելյան
Made on
Tilda