Ալվանքին սիրահարված կինը
«Ես պետք է լեռների մեջ ապրեմ, որ ինձ ապահով զգամ․ Արարատյան դաշտի անվերջությունն ինձ չէր բավարարում։ Ինձ նորից իմ գյուղ է բերել թզի տերևի խշշոցը», -տարիներ առաջ Արտաշատից Մեղրի տեղափոխվելու մասին պատմում է ալվանքցի Հասմիկը։ Ասում է, որ վեց տարի հազիվ է դիմացել Մեղրիից հեռու։
Չգիտեին էլ, թե ինչ է սպասվում իրենց ընտանիքին, որովհետև անգամ տուն չունեին, բայց երազանքի հետևից էին եկել, հաստատակամ էին և ուզում էին Արաքսի ափին տուն կառուցել, այգի հիմնել։ Ու տարիների հեռվից հպարտությամբ ասում է, որ երազանքն այլևս իրականություն է․ և՛ սեփական տուն ունեն, և՛ այգի, տնտեսություն․․․ Այդ ամենը ստեղծվել է ամբողջ ընտանիքի ջանքերով։ Ծնողների հետ ֆերմայում, այգում աշխատում են նաև որդիները։ Հասմիկը հպարտությամբ է խոսում տղաների մասին, ասում է, թե ուրախ է, որ նրանք ևս սիրում են գյուղը, հողը․ տեղափոխվելու մասին անգամ չեն մտածում։

Տնտեսության գործերից առաջ Հասմիկը սիրահարված է իր մասնագիտությանը․ Քսանհինգ տարի է Ալվանքի միջնակարգ դպրոցում դասվար է աշխատում։ Նաև երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաներն է պարապում։ Դրա հետ միասին, դպրոցի ինտենսիվ այգում է աշխատում։ «Ժամանակը չի հերիքում․ շատ բան կա երեխաներին փոխանցելու՝ գիտելիք, սեր դեպի աշխատանք, հայրենիք, գյուղ»,-ասում է Հասմիկ Մովսիսյանը։


-Միշտ մտածում եմ, որ եթե մի օր երեխաներս որոշեն տեղափոխվել քաղաք, ես ոչ մի դեպքում չեմ լքի իմ գյուղը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ծննդավայրը, հայրենիքը իր տան նման սիրի, անգամ, եթե «հիվանդ» է, «նեղված»,- ասում է նա։
Հասմիկի պապը Մեղրիի տարածաշրջանի Ափկեզ գյուղից էր։ Տարիներ առաջ գյուղի դատարկվելուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ալվանք, որտեղ հիմա շատ տներ կան, որոնք պապն է կառուցել։ «Դրանք էլ են ինձ հարազատ, որևէ տեղ գնալու միտք չունեմ»,- ասում է նա։
Տասը տարի է, նռան գինու արտադրություն է սկսել, փոքր գինետուն ունեն, ասում է, որ դրանով փորձում է նաև Ալվանքն աշխարհին հայտնի դարձնել։ Շահույթն ավելացավ, հյուրատուն էլ կկառուցեն, որ Մեղրիից հեռու ապրողներն Ալվանք հասնեն իրենց գինին համտեսելու և Հայաստանի հարավային դարպասը տեսնելու համար։
Գինու արտադրություն սկսելը պատահական է ստացվել։ Օրերից մի օր, մոռանալով պահածոյացնելու համար նախատեսված նռան հյութը գիշերը սառնարան դնել, առավոտյան նկատել է, որ թթվել է, բայց երբ փորձել է, առաջին միտքը, որ ծագել է գլխում, գինի թորելն է եղել։ Այդպես էլ սկիզբ է առել գինեգործությունը, որով հիմա ավելի շատ որդին՝ Արտակն է զբաղվում։


Սկզբում նուռը ձեռքով էին ճզմում, որը աշխատատար էր և չէին կարողանում մեծ քանակով արտադրել։ Հետո ամուսինը, ձեռքի տակ ինչ ուներ, օգտագործեց և քամող ինքնաշեն սարք պատրաստեց։ Հիմա հյութը օգտագործում են գինի, հյութ պատրաստելու համար, իսկ մնացածից օղի են թորում։

Ալվանքը գտնվում է սահմանին մոտ ու չնայած հիմա սահմանների մասին հազար ու մի լեգենդներ են շրջանառվում, դա չի խանգարում, որ շատ զբոսաշրջիկներ այցելեն գյուղ։
«Դե միայն գինի չէ, իմ պատրաստած անուշեղենն ու չրերն էլ են հյուրասիրության մեջ մտնում»,- ինքն իր հասցեին արված հաճոյախոսությունից շիկնած, փորձում է «արդարանալ» Հասմիկը։
- Մեղրիում շնորհալի կանայք շատ են․ բոլորը բազմաբովանդակ զբաղմունք ունեն։ Փորձը ցույց է տվել, որ մեզ նման մուրաբաներ, անուշեղեն, չրեղեն ոչ մի ուրիշ տեղ չեն պատրաստում։ Ես չեմ հասցնում ձանձրանալ․ ախր էնքան բան կա անելու։ Հիմա ես ինձ տեսնում եմ գինեգործության զարգացման մեջ։
Գինեգործությունը բիզնեսի վերածելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հերթական հյուրը ցանկացավ ոչ թե ուղղակի հյուրասիրվել, այլ նաև վճարել դրա դիմաց։
-Հյուրասիրությունը պատճառ դարձավ, որ սիրողական զբաղմունքից սկսենք կանոնավոր «Նռանե» անունով գինի և հյութ արտադրել։ Հյուրասիրվողն ասաց՝ չէ, ես չեմ ուզում ինձ հյուրասիրեք, ես ուզում եմ գնել։ Նա էլ իր հերթին ընկերոջը հյուրասիրեց, ու էդպես գնորդներն ավելացան, պատմում է Հասմիկը։ Նաև հավելում է, որ զուգահեռ ուսումնասիրում են, փորձարկում, թե նռան որ տեսակն է ավելի նախընտրելի։ Գյուղում արդեն գիտեն, թե հատկապես ինչ տեսակի խաղող են օգտագործում գինու արտադրության համար և սկսել են պատվաստումներ անել իրենց այգիներում, վստահ են, որ իրացման խնդիրը կլուծվի տեղում։

Հայաստանի հեռավոր անկյունում ապրող այս բազմազբաղ կինը, ով չնայած ծանրաբեռնված օրնիբուն աշխատում է, համաձայնվել է ավագանու թեկնածու առաջադրվել առաջիկայում Մեղրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում․«Եթե ոչ ես, բա էլ ո՞վ»,-զարմանում է Հասմիկը։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

 Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:


© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
Made on
Tilda