Կավի հետ թրծվում է
Հարթաշեն գյուղի ապագան
14–ամյա Մարտին Մնացականյանը կավից թռչնի բույն է պատրաստում, փոխանցում ընկերներին, ովքեր շարունակում են նրա սկսած գործը։ Մարտինը և Հարթաշեն գյուղի ավելի քան 25 երեխա այցելում են իրենց գյուղում բացված բրուտագործության արվեստանոց–դպրոցը։ Մեր այցելության օրը նրանք պատրաստվում էին Զատկի տոնին․ օրվա սիմվոլներով իրեր էին պատրաստում կավից։

«Մի քանի ամիս է, ինչ այցելում եմ խմբակ, արդեն կարողանում եմ տարբեր իրեր պատրաստել։ Ինձ դուր է գալիս կավի հետ աշխատանքը․ կարծում եմ հետագայում հոբբիից այն կփոխվի աշխատանքի, իհարկե սպորտին զուգահեռ»,– գործի ընթացքում պատմում է պատանին։
Կավագործության խմբակը բացվել է «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախաձեռնությամբ, որի վերջնանպատակը ոչ թե հենց խմբակի բացվելն էր, այլև սաhմանամերձ Հարթաշեն գյուղի մշակույթի տան «վերակենդանացումը»․ այնպես, որ այնտեղ գործեն գրադարան, ներկայացումների և կինոցուցադրումների համար դահլիճներ, արտադասարանական տարբեր խմբեր։ Նախատեսվում է, որ բրուտագործության բացված խմբակն էլ կտեղափոխվի մշակույթի շենք․ հիմա այն ժամանակավոր գտնվում է համակարգողի տան բակում առանձնացված սենյակում։ Ակնկալում են, որ հետագայում այն կկարողանա ինքնաֆինանսավորվել, նաև շահույթ ստանալ, աշխատատեղեր ապահովել գյուղի համար։
Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող գյուղում բրուտագործության արհեստանոց բացելու գաղափարի հեղինակը Հայաստանում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոս, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի հիմնադիր Անտոնիո Մոնտալտոն է, ում նախաձեռնությամբ Գյումրիում և Սպիտակում գործում են կերամիկայի դպրոցներ։
–44-օրյա պատերազմի օրերին Սյունիքում էինք։ Ստացվեց այնպես, որ արթնացանք, ու պարզվեց, որ հակառակորդի սահմանն այլևս գյուղի քթի տակ է հայտնվել։ Հենց դրանից հետո հասունացավ գյուղական բնակավայրերի կայուն զարգացման գաղափարը, և որպես մեկնարկային տարբերակ, սկսեցինք Հարթաշենից,–ասում է «Հոգ ընտանիքին» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ղազարյանը և ավելացնում, որ փոքր քայլերով առաջ կշարժվենք, մինչև որ մշակույթի տունը կյանք ստանա, խեցեգործության խմբակը պատրաստի կերամիկայով կտեղափոխվի այնտեղ։

Արվեստանոց–դպրոցի սաները
Չնայած ի սկզբանե դասերը նախատեսված էին շաբաթական երեք անգամ, երկու խմբի համար, երկուական ժամով, բայց երեխաները դպրոցից հետո շտապում են այնտեղ ու մինչև ուշ երեկո աշխատում։ Արվեստանոցի՝ սիրելի վայր դառնալու «մեղավորներից» է նաև վարպետ Վաչիկը, ով ծնունդով Երևանից է, բայց խմբակի բացված օրվանից գյուղում է։ Երբ հարցնում ես, թե որքա՞ն է պատրաստվում մնալ և աշխատել գյուղում, ասում է․ «Չգիտեմ Հարթաշենում ինչքան, բայց Ուրղունաշենում ամբողջ կյանքս եմ անցկացնելու։ Շատ սիրեցի էս գյուղը․․․ դա մի ուրիշ վայր է»։
Ուրղունաշենը վերանված Ազատաշենն է, որի բնակիչները 1970-1974թթ շրջակա Այգեձոր և Ձորաշեն գյուղերի բնակչների հետ վերաբնակեցվել են ներկայիս Հարթաշենում։ Վարպետ Վաչիկը սիրահարվել է գյուղին, երբ գնացել էր կավի տեղական հումքի հետքերով։



«Զարմանում եմ, որ մինչև հիմա բրուտագործության մեջ չեն օգտագործում հայկական կավը։ Ու սկսեցինք պատրաստել ինչ որ բաներ, որոնք դժվար են պատրաստվում այլ կավերից»,– պատմում է վարպետն ու ավելացնում, որ չնայած, տեղական կավը կոպիտ է, դժվար՝ աշխատելու համար, բայց բլաստիկ է, ճիշտ մշակելու դեպքում որակյալ կարող է լինել։

Արվեստանոցում տեղական կավից բաժակներ են պատրաստել, որոնց նմանօրինակը գտել են Գորիսի երկրագիտական թանգարանում։ Այսինքն ժամանակին տեղում տեղական կավից իրեր պատրաստվել են։ Երեխաները այդ կավով նաև սև կերամիկա են պատրաստել, որոնց ձևավորման համար օգտվել են 2-րդ, 3–րդ հազարամյակի հայկական նախշարվեստից։ Իսկ արվեստանոցի հիմնական հումքը իսպանական կավն է։
Հիմա ուսուցման ակտիվ շրջան է․ բացի տեղում անցկացվող պարապմունքներից նրանց հետ վարպետաց դասեր են անցկացնում այլ երկրների բրուտագործներ:
Վարպետի խոսքով՝ ամենաուշը մեկ տարուց սաների պատրաստած իրերը վաճառքի կհանվեն։ «Հրաշք է էրեխեքի ամեն մի աշխատանքը։ Նրանց հետ պետք է աշխատել, որովհետև նրանց ամեն մի արածն արդեն արտադրանք է։ Ոչ մի ստեղծված իրի կողքով չես կարող անտարբեր ու անզույշ անցնել․ դրանք անպայման ուշադրություն գրավելու են»,– ցուցադրելով տարբեր օրինակներ, ներկայացնում է վարպետ Վաչիկը։
Երեխաների պատրաստածը դեռևս չի վաճառվել, բայց արդեն դրվել է ցուցադրության։ Հիմա հիմնադրամը փորձում է ապահովել իրերի որակն ու կազմակերպել վաճառքը։

–Փորձում ենք այնպես անել, որ պատրաստված իրերն իրենց յուրահատկությունը պահպանեն, ունենան իրենց դեմքը։ Շահույթի դեպքում հնարավոր ենք համարում գյուղում մինչև 30 աշխատատեղ ապահովել: Եթե գյուղը չապրի, չզարգանա, քաղաքն էլ չի կարող ապրել։ Էն գիտակցումը պիտի լինի, որ եթե հանգիստ ապրում ենք քաղաքում, պարտական ենք գյուղին ու պիտի ամեն ինչ անենք, որ գյուղում ամեն ինչ լավ լինի,– ասում է հիմնադրամի տնօրենը։

Արվեստանոցը, սակայն ուղղակի սովորելու կամ հետագայում գումար աշխատելու տեղ չէ միայն․այն մի վայր է, որտեղ երեխաները կրթվում են, ճաշակ ձևավորում, մտահորիզոնը ընդլայնում։ Աշխատելու ընթացքում Կոմիտաս, Սայաթ Նովա են լսում։ «Եթե նույնիսկ երեխաներից ոչ մեկը կավագործ կամ նախշող չդառնա, միևնույն է, այս միջավայրը նրանց կօգնի լավ քաղաքացի լինել»,–նշում է վարպետը։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

© Գորիսի մամուլի ակումբ
հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
օպերատոր՝ Նորայր Դանիելյան
Made on
Tilda