Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում արդեն երկու տարի է, արտադրվում է այլընտրանքային անասնակեր և վառելանյութ։ Այս գործով սկսել է զբաղվել «Միրհավ» հյուրանոցի հիմնադիր Շահեն Զեյթունցյանը։ Նրա հետ համագործակցում են նաև խնձորեսկցի Վարդանն ու Հայկը։ Նպատակներից մեկը մատչելի գներով վառելանյութ արտադրելն է։
Իր տեսքով ոչինչ չհուշող այս «գլանները» պատրաստելու համար օգտագործվում է ծղոտ, ճյուղեր, փայտի կտորներ ու թափոն, որոնք մանրացվում, չորացվում և հատուկ սարքավորումերով այս տեսքն են ստանում։
Ծղոտը՝ գնում, ճյուղերը՝ անտառներից, թափոններն էլ հանրային վայրերից են հավաքվում։ Ու բացի հումք ձեռք բերելուց, նաև շրջակա միջավայրի մաքրությամբ են զբաղվում։ Անհրաժեշտ սարքավորումները պատրաստել են երեքով։ Իհարկե, նույն սարքավորումների գործարանային տարբերակներն էլ կան, բայց իրենց պատրաստածը պակաս ծախսատար է և օգտագործման առումով մատչելի է։
Մեր երկրում, մասնավորապես այս տարածաշրջանում, որտեղ տարեցտարի անտառները պակասում են, գազը համեմատաբար թանկ է, իսկ որոշ գյուղերում բնական գազ նույնիսկ հասանելի չէ, այլընտրանքային վառելանյութի արտադրանքն ուղղակի անհրաժեշտություն է։ Այս տարբերակով ջեռուցումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար հատուկ վառարան է անհրաժեշտ, որով ավելի քիչ վառելանյութով, ավելի շատ ջերմություն կարտադրվի։ Չնայած այլընտրանքի «դրական կողմերին», բնակիչները դեռևս պատրաստ չեն հրաժարվել տարիներ շարունակ օգտագործվող միջոցներից։
«Այն, ինչ մենք անում ենք, նորություն է, սովորական մեխանիզմներից հեռու է ու դեռևս ընկալելի չէ։ Մարդիկ մտածում են՝ դե փայտ կա, կվառենք, ի՞նչ կարիք կա նոր բաներ փորձարկելու։ Բայց արդեն իսկ այս տարի տան ջեռուցումը լուրջ խնդիր է լինելու։ Վառելանյութի արտադրությամբ շատ փոքր շահույթ ունենք, գնորդ չկա»,- ասում է Շահեն Զեյթունցյանը։
Համապատասխան վառարանով օրական մոտ 7 կգ վառելով հնարավոր է 150 քառ մ միջինից բարձր ջերմաստիճան ապահովել, տաքացնել։ Այսինքն, ամսական ծախսում ես 35-40հազար դրամ, մինչդեռ գազով կամ վառելափայտով անհրաժեշտ է օգտագործել դրա կրկնակին։
Նույն տեսքով, բայց այլ բաղադրությամբ արտադրում են նաև անասնակեր։ Այն բաղկացած է 60% խոտից, 40%–ը ցորենից, գարուց, եգիպտացորենից։ Հնարավոր է նաև ավելացնել արևածաղկի սերմ։ Դրանով կարելի է կերակրել ճագարներին, կովերին, խոզերին, ոչխարներին։ Այս սննդային բարձր արժեք ունեցող կերը հնարավորություն է տալիս կենդանիներին՝ գոմում պահել ու չմտածել արոտ տանելու մասին։
«Պատերազմից հետո, երբ անասուններին կերակրելու համար խոտը չի հերիքել, գյուղացիները եկել տարել են անասնակերից։ Նույնիսկ անվճար ենք տվել, որ տանեն, փորձեն․ տարբերությունը նկատելի է, հետաքրքրվածություն կար, բայց՝ ոչ շատ։ Մարդիկ գումար չունեն, դա էլ է խնդիր։ Նրանք անասնակեր տարել են, որ մինչև գարուն կարողանան պահեն անասունների ու էլի տանեն արոտավայրեր»,-ասում է Վարդանը։ Երիտասարդի խոսքով՝ պատերազմից հետո մարդիկ սկսել են ավելի շատ ճագարաբուծությամբ զբաղվել․ մի մասը սիրողական, մյուս մասը՝ որպես եկամուտի աղբյուր։
Արտադրամասում անընդհատ նորարարությամբ են զբաղվում․ նոր տարբերակներ փորձարկում, գտնում ամենաարդյունավետ, մատչելի և սննդային բարձր արժեքով արտադրության եղանակները։ Վերջին ամիսներին սկսել են հիդրոպոնիկ/ անհող/ եղանակով անասնակերի արտադրություն։
«Չնայած մեծ ներդրումներին, իրացման քանակը շատ քիչ է։ Մարդիկ հետաքրքրված չեն․ իրենց համար դա անհասկանալի է, անըմբռնելի ու անընդունելի, թե ինչպես կարելի է նման կեր տալ անասուններին։ Երկու տարի է, միայն գումար եմ ծախսում, դեռ շահույթ չենք ունեցել»,-նշում է գործարարը։
Գարին նախապես լվացվում, չորացվում է, լցվում նախատեսված տարաների մեջ և հատուկ լուսավորությամբ աճեցման ենթարկվում։ Ընթացքում պետք է ջրել․ 6-7 օրվա ընթացքում կերը պատրաստ է։ Կերի հիմնական մասը 4-5 սմ արմատն է, որի մեջ կան բազմաթիվ սննդարար նյութեր․ այն առաջանում է ֆոտոսինթեզի ընթացքում, որոնք ուղղակի ցորենի կամ գարու մեջ չկան։ Այս կերի առավելությունը հատկապես ձմռանը շատ մեծ է, երբ չկա կանաչ խոտ ու անասուններին պահում են գոմերում։ Նման տարբերակով կերակրելուն զուգահեռ կտրուկ բարձրանում է կենդանիների կաթնատվությունն ու յուղայնությունը։
Մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար Շահեն Զեյթունցյանը նախատեսում է տեղեկատվական արշավներ կազմակերպել։
Ֆինանսական աջակցություն ոչ ոքից չի ակնկալում, միայն փոխօգնություն․ «Ինձ ամենամեծ օգնությունը կլինի այն, որ ծառերի էտման ժամանակ ինձ տեղեկացնեն, գնանք հավաքենք ճյուղերը կամ ասեն, որ այս հողատարածքը վաճառվում է կամ վարձակալությամբ է տրվում, գնանք մշակենք այդ հողը»,- ասում է գործարարն ու համագործակցություն ակնկալում բոլորից։
-Համագործակցենք, նոր գործիքներ, տեխնոլոգիաներ բերենք ու զարգացնենք գյուղատնտեսությունը,-առաջարկում է պարոն Շահենը։ Նրա նորարար մտքերը բազմաթիվ են․ հիմա էլ աշխատում է խելացի անասնագոմ ստեղծելու նախագծի վրա։
Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։