Կենարար ջուրը կհասնի արոտավայրեր

Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրում շինարարական եռուզեռ է. գյուղի մի ձորում հովվի տնակ է կառուցվում, մյուսում 750մ ջրագծի անցկացման, ջրընդունիչի և խմոցի կառուցման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Նպատակն արոտների ջրարբիացման համակարգի կառուցումն է և անասուններին ամռանը ջրով ապահովումը։

Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում: Դրա առաջին բաղադրիչին արդեն անդրադարձել ենք։ Պատմել, որ արոտ օգտագործողների միավորման նպատակով ձևավորված սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ։ Ծրագրի այս բաղադրիչը վերաբերում է նույն շահառու համայնքներում արոտների ջրարբիացման համակարգի կառուցմանը։

Հունիսից սկսվել են շինարարական աշխատանքները։ Բացի Շաղատից, նմանատիպ նախագծեր կիրականացվեն Սիսիանի նաև Տոլորս և Գորիսի Շուռնուխ գյուղական բնակավայրերում։
Շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող Խիկար Միրզոյանի խոսքով՝ աշխատանքները կավարտվեն մինչև աշուն․ միակ դժվարությունն այն է, որ բնակավայրերն իրարից հեռու են, և միաժամանակ աշխատանքի կազմակերպումը դժվարություններ է ստեղծում հատկապես շինարարական տեխնիկայի օգտագործման առումով։

1200 բնակիչ ունեցող Շաղատ գյուղական բնակավայրում բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է։


Գյուղն ունի 7500 հա արոտավայր, 1100 խոշոր և 2500 մանր եղջերավոր անասուն:

«Գարնան անձրևոտ եղանակներին անասուններին միանգամից սար բարձրացնելը դժվարություններ է առաջացնում։ Նույնը նաև աշնանը, երբ անասուններին սարից իջեցնում են գյուղ։ Հովվի կացարանի կառուցումից հետո 15-20 օր գարնան սկզբին և նույնքան ժամանակ էլ ուշ աշնանն անասունները կմնան այստեղ։ Դա կնպաստի անասնակերի խնայողությանը։ Արդյունքում, գյուղացին կշահի․ համեմատաբար քիչ անասնակեր կկուտակի և ֆինանսական խնայողություններ կունենա»,- նշում է Շաղատի «Արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Տիգրան Խաչատրյանը։
Շաղատ գյուղ

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի Սյունիքի մարզի կոոպերատիվների սպասարկման մասնագետ Միսակ Հովակիմյանն ու շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող Խիկար Միրզոյանը հաճախ են այցելում համայնքներ, հետևում շինարարական աշխատանքներին ու խորհրդատվություն տրամադրում։

Շաղատը ծրագրի շահառու է դարձել 2015թ․ ծրագրի շրջանակում, ստացել է երկու տրակտոր և մի շարք գյուղգործիքներ՝ շարքացան, մամլիչ, գութան, խոտհնձիչ, խոտհավաք, պարարտացան մեքենա և կուլտիվատոր։ Անասնապահներին սար տեղափոխելու ու կաթնամթերքը գյուղ հասցնելու համար Շաղատի կոոպերատիվը նաև «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է ձեռք բերել:



«Բնակավայրում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում կավելանան անասնապահական մթերքների՝ կաթի, մսի արտադրությունը, իսկ հաջորդ տարվանից՝ նաև անասնագլխաքանակը»․- նշում է Սյունիքի մարզի կոոպերատիվների սպասարկման մասնագետ Միսակ Հովակիմյանը։
Լուսանկարները շահառու մյուս համայնքներից
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2011-2015-ին, ընթացիկը՝ երկրորդը, նախատեսվում էր ավարտել այս տարի, սակայն երկարաձգվել է մինչև 2022-ի ապրիլ։


Մինչև 2015-ն արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման համար Սյունիքում ծախսվել է 415 մլն 45 հազար, իսկ 2015-ից մինչև 2020-ը՝ 354մլն 762 հազար դրամ։ Գումարը ներառում է նաև համայնքների կողմից կատարված 5% ներդրումը։
Ծրագրի երկու փուլերում թիրախ համայնքներում կատարված
աշխատանքների ընթացքը և գումարի չափը

Բացի Արարատ և Արմավիր մարզերից,

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Հայաստանի մյուս մարզերում մինչ այժմ հիմնադրվել է 109 կոոպերատիվ։

Ծրագրի հիմնական դժվարությունը համայնքների կողմից համաներդրման իրականացումն է․ եթե կոոպերատիվը համաներդրում չի ապահովում, համայնքում նախագծեր չեն իրականացվում։


«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը նշում է՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղտեխնիկայի տրամադրման և կենդանիների ջրապահովման համար ջրարբիացման համակարգերի կառուցման արդյունքում 30 %-ով ավելանում է անասունների կաթնատվությունը։


«Ջրարբիացման համակարգերի ստեղծման շնորհիվ ամռանն արոտները ջրով են ապահովվում, իսկ ձմեռանը՝ տրամադրված տեխնիկայի միջոցով կերային բազան է համալրվում։ Սրա հաշվին ավելանում են մսատվությունն ու կաթնատվությունը»,- ավելացնում է Դ․ Մեջլումյանը։

Կոոպերատիվների ներուժի ճիշտ օգտագործման դեպքում համայնքի բնակիչները միայն կշահեն։ Կարևոր է նաև համայնքային իշխանությունների աջակցությունը․ որոշ համայնքներում անվարձահատույց տարածք է տրամադրվել կոոպերատիվներին գյուղտեխնիկայի համար կայանատեղի կառուցելու նպատակով։

Իսկ Շաղատում կոոպերատիվին հատկացվել է չրանոց, ձավարաղաց, ջերմոց, ձիթհան։ Դրանցում զբաղված է տեղի 7 բնակիչ. նրանց թիվը սեզոնային աշխատանքների ընթացքում ավելանում է։

Made on
Tilda