Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների
համար

Ոչխարաբուծությունը անասնապահության ամենաշահութաբեր ճյուղերից է: Հատկապես գառան մսի պահանջարկը մեծ է։ Միայն թե ոչխարաբուծության զարգացմանը զուգահեռ, էլ ավելի է դժվարանում բրդի իրացման խնդիրը։

Այսօրվա դրությամբ, բուրդը Սյունիքի անասնապահների համար դարձել է իսկական «պատուհաս»։ Այն տարածքում, որտեղ պահում են ոչխարները, այնտեղ էլ խուզում ու կույտերով թափում են բուրդը՝ կորցնում արժեքավոր հումք, աղտոտում բնությունը, բայց այլ լուծում ֆերմերներն առայժմ չեն գտնել։

Սյունիքի մարզում հաշվառված է շուրջ 100 հազար գլուխ ոչխար։ Գորիսի տարածաշրջանում, մասնավորապես Խնձորեսկ, Տեղ և Վերիշեն բնակավայրերում, համենայնդեպս, մինչ պատերազմը, շատ էին ոչխարաբուծությամբ զբաղվողները․ երեք բնակավայրերում միասին՝ ոչխարի գլխաքանակը հասում էր մինչև 40 հազարի։ Դժվար է ասել, թե մարզում նոր՝ հետպատերազմական իրողությունն առաջիկայում ինչպես կփոխի իրավիճակը, սակայն, ցանկացած պարագայում, բրդի խնդիրը լուրջ «գլխացավանք» է մարդկանց համար։

Մեկ ոչխարից տարեկան ստանում են առնվազն 3 կգ բուրդ։ Միայն Սյունիքի մարզում տարեկան մոտ 300 տոննա բուրդ է խուզվում։ Անասնապահների խոսքով՝ ներկայումս ստացվող բուրդն ավելի բարձր որակ ունի, քան նախկինում էր․ արոտային շրջանի հետ կապված՝ մեր տարածաշրջանի ոչխաները չեն «տուժում»․ գրեթե ամբողջ տարին բարձրորակ խոտ են ուտում։

Լուսանկարները՝ «Ոչխարների խուզման» փառատոնից
Սասուն Դաղունցը 1995թ-ից զբաղվում է ոչխարաբուծությամբ։ Ունի 800 ոչխար։ Տարեկան շուրջ 1 միլիոն ծախսում է ոչխարների խուզումը կազմակերպելու համար և արդյունքում՝ բուրդը որպես աղբ թափում է։

«Ոչխարաբուծության զարգացմանը զուգահեռ, մեծանում է ինչպես բրդի, այնպես էլ՝ կաշվի իրացման խնդիրը։ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի մորթու և բրդի արտադրությունը զարգացնելու համար։ Կիսանուրբ և կիսակոպիտ բրդեր են, որոնք կարելի է օգտագործել թելեր, գորգեր ու մուշտակներ պատրաստելու համար»,-նշում է նա։
Բրդի իրացումը միշտ էլ խնդիր է եղել․ ոչխարաբուծությունը զարգացել է այս տարածաշրջանում, բայց բրդի մշակման, վերամշակման ֆաբրիկա չի եղել․ նույնիսկ սովետական միության օրոք Հայաստանի բուրդը արտահանել են Վրաստան։

Մի քանի տարի առաջ 1 կգ բուրդը վաճառվում էր 300 դրամով, հետո՝ 200-ով, 100-ով, իսկ այս տարի՝ նույնիսկ 100 դրամով վաճառել չի հաջողվել։

«Ցածր արժեքից էլ չենք դժգոհում, միայն թե իրացվի, ափսոս է, էդքան աշխատանք ենք տանում , հերիք չի, մի հատ էլ մտածում՝ ի՞նչ անենք, որտե՞ղ պահենք։ Այնինչ կարելի է և՛ տեքստիլ արտադրության, և՛ գորգագործության մեջ օգտագործել»,-
ասում է Սամվել Մաքունցը։

Ասպետ Գալստյանը առանձին տարածք է կառուցել, որտեղ այրում է խուզած բուրդը։ Տեղ համայնքի բնակիչը տարեկան շուրջ 1000 ոչխար է խուզում։ Նրա խոսքով՝ միայն Տեղ գյուղում մոտ 20 հազար ոչխար կա, ու ֆերմերների 80% թափում է բուրդը։

«Վերջին անգամ 8 տարի առաջ եմ վաճառել․ Աբովյան քաղաքից մի տղա էր եկել ու ապրանքափոխանակությամբ վաճառեցի կիլոն 400 դրամով։ Լավ կլիներ, մի ֆաբրիկա լիներ, տանեինք, հանձնեինք, էդքան չարչարանքս էլ ջուրը չէր ընկնի։ Եթե պետական աջակցությամբ մի բրդի իրացման կետ կառուցվի, մենք էլ՝ ֆերմերներով ներդրում կանենք»,- ասում է Ա․ Գալստյանը։

Ֆերմերները նշում են՝ չնայած նախկինում էլ իրացման կետ չկար, բայց բնակչության կողմից էր պահանջարկը մեծ․ մարդիկ բուրդ էին գնում, բարձ, վերմակ, ներքնակ պատրաստում կամ էլ՝ բրդից թել էին մանում ու տաք հագուստ գործում․ հիմա դա էլ չեն ուզում։

«Ներկայիս երիտասարդությունը հոգնում է բրդի մշակման ու վերմակ կապելու գործընթացից, դրա համար էլ սինտիպոնն են նախընտրում։ Բայց ես դեմ եմ սինտիպոնին․ բնական ոչխարի բուրդը թողենք, թե սինտիպո՞ն ենք օգտագործում»,- ասում է Զարուհի Կարապետյանը։

ՀՀ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի 1305-Լ որոշմամբ, հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը։ Դրա համաձայն, պետական աջակցությամբ ապահովվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիությունը. այսքանը։ Սակայն անասնագլխաքանակի ավելացման մասին մտածելուն զուգահեռ, ինչպես նշում են ֆերմերները, շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև ածանցյալ խնդիրների լուծման մասին նույնպես մտածել։ Այս դեպքում՝ բրդի իրացման կետի, ինչի առկայությունը գյուղացիների համար, իրապես, փրկօղակ կարող է դառնալ։

Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի


Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website