«Ես իմ տղուն կորցրել եմ 44-օրյա պատերազմին, ով պայքարել ա Արցախի կանգուն լինելու համար․ ես չեմ կարա իմ տղուն դավաճանեմ ու թուրքերի հետ համատեղ կյանք սկսեմ։ Մեր տունն ամենավատ տեղում էր՝ Շուշիի ներքևի Կրժկան կոչվող թաղամասում։ Թուրքերը հասել էին այնտեղ․ կրակ էին վառում, խորոված անում, երգում-պարում։ Անհնար էր երեխաների հետ այնտեղ մնալ», - ասում է Ռուզաննա Մարտիրոսյանը։ Ռուզաննայի հետ էր նաև աղջկա ընտանիքը, ով 44-օրյա պատերազմից հետո Շուշիից տեղահանվել է Ստեփանակերտ, հիմա էլ՝ Գորիս։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Հայտարարելուց հետո խախտել հրադարդարը սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը։ Սեպտեմբերի 20-ին ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն օրը ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Որի հիմնական պայմանն էր ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հանդիպումից հետո երեք օր անց միայն՝ սեպտեմբերի 24-ին արցախցիների առաջին խումբն անցավ Հակարիի կամուրջը և հասավ Կոռնիձորի հումանիտար կայան։ Վերջին ավտոբուսը Արցախից 15 բռնի տեղահանվածներին հասցրել է Գորիս։ |
Դեռ 2020թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Սյունիքի մարզը, մասնավորապես Գորիս համայնքի դերը մեծ էր թիկունքում իրականացվելիք աշխատանքներում։ Միայն Գորիսում ապաստանել էր ավելի քան 10 հազար արցախցի, որոնց համայնքը ապահովել էր սննդով, հագուստով և կեցությամբ։ Նրանց մի մասը ետ էին վերադարդարձել Արցախ, իսկ նրանք, ովքեր իրենց տներն էին կորցրել, շարունակում են մնալ համայնքում։ Այս անգամ նույնպես Գորիսը «ամենայն պատասխանատվությամբ կատարեց իր առջև դրած առաջադրանքը» և իր հոգատարությունը փոխանցեց ամեն մի արցախցու։