Գյուղատնտեսության զարգացման
այլընտրանքային հնարավորություններ
Սյունիքում
Այսպես արդեն 30 տարի է՝ տիկին Արմիդան ամեն օր աշխատում, խնամքով կերակրում է «ոչ այնքան հեշտ պահվող» հնդկահավերին։ Ասում է՝ չմոռանանք, որ օրվա մեջ մեկ ժամ էլ պիտի պարտադիր զբոսանքի գնան․ «ոչխարների նման սիրում են արածել»։ Շատ տարիներ առաջ տատիկից օժիտ ստացած հնդկահավը Արմիդայի համար դարձել է թռչնաբուծությամբ զբաղվելու պատճառ։ Հենց տատի տված խորհուրդներին հետևելով և տարիների փորձով, տնային տնտեսուհին արդեն լիովին «հասկանում է հնդկահավերի լեզուն»․ խնամելը ժամանակատար է, բայց ձեռնտու։
«Բնակչության մեծամասնությունն այս տարածաշրջանում զբաղվում է թռչնաբուծությամբ, մասնավորապես՝ հավաբուծությամբ։ Հաճախ կարելի է տեսնել փողոցներում վաճառվող թռչունների։ Ամենաքիչը տասը հավ ամեն սեփական տանը կա․«տնական հավի ձուն ուրիշ է»,–ասում են մենատնտեսները։
Ոչ միայն ձկնաբուծությամբ, այլև մեղվապահությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ ու այգեգործությամբ է զբաղվում Մեղրու համայնքի բնակիչ Բենիկ Բաղդասարյանը։
Ժորա Համբարձումյանի համար ձկնաբուծությամբ զբաղվելու «պատճառ» դարձել է Որոտան գետում տարեցտարի ձկների քանակի նվազումը, ինչը նրան այժմ էլ մտահոգում է։ Դեռ պատանի տարիքից հաճախ էր օրերն անցկացնում Որոտանի ափին՝ ձուկ որսալով․ բայց տեսնելով, որ գնալով գետի ձուկը պակասում է, որոշեց «իր պարտքը վերադարձնել գետին»։
Թե Սյունիքի մարզում այժմ նման տնտեսություններ վարող քանի անհատ գյուղացիական տնտեսություն կա, հայտնի չէ, պատասխանատուներն ասում են, որ տնտեսվարողների տվյալները որևէ կերպ չի հավաքագրվում, նույնիսկ՝ խոշորներինը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառույցում գործում է գյուղատնտեսական խորհրդատվության նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, որը բաժիններ ունի հանրապետության բոլոր մարզերում։ Դրանց գործառույթն է ինչպես նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը, այնպես էլ տեղի տնտեսվարողներին խորհրդատվության տրամադրումը։
Վերջին ամիսներին վարչության Սյունիքի բաժինը կազմակերպել է ճագարաբուծության զարգացմանն ուղղված դասընթացներ գյուղական մի շարք բնակավայրերում։ Մասնագետները փաստում են, որ մսամթերքի արտադրության ուղղությունը լավ հեռանկար ունի եւ կարող է զարգանալ մարզում։